Մեկնարկում է 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

Հարգելի՛ դիմորդներ, մեկնարկում է 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

ՀՀ Կառավարության 2022թ. ապրիլի 7-ի N 476-Ն որոշում,/ընդունելության կարգ/ որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից (խոսքը միասնական քննություններ հանձնելու 2 հնարավորութան մասին է):
Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord. am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
2021-2022 ուստարվա շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Սյունիքի մարզի առանձնացված ուսումնական հաստատություններն են՝

  1. Կապանի թիվ 9 ավագ դպրոց
  2. Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց
  3. Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
  4. Սիսիանի ավագ դպրոց

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ  հարյուր) դրամ:

Ուշադրություն. Գորիսի պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության դիմորդները յուրաքանչյուր ներբուհական քննության համար (գծանկար և գունանկար) 1500-ական դրամ վճարում են ԳՊՀ–ի 900 288000012 հաշվեհամարին):

 Միասնական,  ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության դիմումհայտերը լրացնում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը: Սխալ լրացնելուց խուսափելու համար խորհուրդ ենք տալիս դիմումհայտերը լրացնել համակարգչի կամ դյուրակիր համակարգչի /նոթբուք/ օգնությամբ:

Կարգի մի քանի ելակետային դրույթներ.

  • դիմորդն առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն.
  • դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.
  • օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17։00-ն լրացնում են ընդունելության դիմում-հայտ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու։ Այս փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։

Դիմորդներին տրվող արտոնություններ 78-82 կետեր.

  1. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
  2. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները).
2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

  1. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս։
  2. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան, մեգապոլիսների, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:
  3. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

Գորիսի պետական համալսարանի բակալավրիատի 2022–2023 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության մասնագիտություններին, քննություններին, ընդունելության տեղերին և ուսման վարձաչափերին ծանոթացե՛ք այստեղ  ԳՊՀ ընդունելություն – 2022, մասնագիտություններ, տեղեր, վարձաչափեր: 

Դիմորդների ընդունելության հայտերի լրացմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացի հետ կապված հարցերի պարզաբանմանը աջակցում է նաև Գորիսի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն:

Հարգանքով՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողով
Պատասխանատու քարտուղար՝ Անի Գալստյան
Հեռախոս +374 98 19 67 14
+374 77 22 57 27
Էլփոստ:   g.anigalstyan@gmail.com

Էլփոստ: gorissu@mail.ru

Facebook Comments