ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ

Այսօր Գորիսի պետական համալսարան այցելեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, պատմագիտության դոկտոր Դավիթ Բաբայանը, ով ԳՊՀ-ի ռեկտորի հրավերով 2020թ.-ից դասավանդում է նաև ԳՊՀ-ում և արդեն հասցրել է սիրվել ուսանողության ու աշխատակազմի կողմից:
Նախարարին ընդունեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով այցի, արդյունավետ համագործակցության և ազգանվեր գործունեության համար: Հանդիպում կազմակերպվեց ԳՊՀ-ի ուսանողության ու աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղելու Արցախի արտգործնախարարին ու սիրելի դասախոսին:
Դավիթ Բաբայանը ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա խոսեց Գորիսի պետական համալսարանի հետ սկզբնավորված հետաքրիր ու պարտավորեցնող համագործակցության, մի շարք արդիական հարցերի շուրջ: Շեշտելով Հայաստանի հարավային երկու հզոր ժայռաբեկորների՝ Արցախի ու Սյունիքի վճռական դերակատարությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ Բաբայանը նշեց, որ Սյունիքն իր փառավոր պատմությամբ, տոկունությամբ, հոգեմտավոր ներուժով, բարոյահոգեբանական նկարագրով այժմ էլ կենսատու երակ է վիրավոր Արցախի ապաքինման համար:
Արցախի ԱԳ նախարարը բարձրացված հարցերի շրջանակում անդրադարձավ Արցախի ներկայիս վիճակին, պատերազմից հետո տարվող արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարևորությանը Արցախի աշխարհաքաղաքական դերի բարձրացման գործում, Արցախի տնտեսական, քաղաքական, կրթական ու գիտական ոլորտների արդի հիմնախնդիրներին և այլ օրապահանջ հարցերի: Եզրակացությունը մեկն է՝ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ մեր ազգային արժանապատվության գլխավոր երակը անցնում է Արցախի սրտով և պահպանել ու զարգացնել Արցախը՝ նշանակում է անխոցելի պահել հայոց պետականությունը: Յուրաքանչյուրն իր գործով պետք է ծառայի այդ առաքելությանը՝ հանուն ազգային շահի:
Համալսարանականները շնորհակալություն հայտնեցին Դավիթ Բաբայանին տպավորիչ հանդիպման և այն բոլոր քայլերի համար, որոնք արվում են մեր հայրենիքին պատուհասած այս արհավիրքի հետևանքները հաղթահարելու և կրկին ոտքի կանգնելու վերանորոգ հավատով:
Դավիթ Բաբայանը Գորիսի պետական համալսարանի գրադարանին նվիրեց իր հեղինակած գիտական աշխատությունները:












Facebook Comments