ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ SAH ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս. թ. հունիսի 16-17-ը Իտալիայի Հանրապետության Լ’Աքվիլա քաղաքում Էրազմուս+ SAH նախագծի շրջանակում տեղի ունեցավ կառավարման խորհրդի աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ծրագրի կոնսորցիումի անդամ համալսարանների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իրանից և Հայաստանից: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքային խմբի անդամներ Նաիրա Սաֆարյանը (ԳՊՀ ԱԿՀ բաժնի ղեկավար), Սիրանուշ Պողոսյանը (ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս) և Սոնա Ալավերդյանը (ԳՊՀ ԱԿՀ բաժնի մասնագետ):
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանի պրոֆեսոր, ծրագրի համակարգող Աննա Տոցցին և համակարգող թիմի անդամ Մասիմիլիանո Դ’Ինոչենցոն։
Հանդիպման առաջին օրը ծրագրի գործընկեր համալսարանները և կազմակերպությունները ներկայացրին իրենց հաստատությունները։
Ն․ Սաֆարյանը, ներկայացնելով Գորիս պետական համալսարանը, խոսեց բուհի կառուցվածքի, կրթական ծրագրերի, ուսուցման համակարգի մասին: Ապա մանրամասն ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված գործողություններն ու արդյունքները։ Մասնավորապես շեշտը դրվեց առաջին աշխատանքային փաթեթի արդյունքների վրա: Հարկ է նշել, որ այս փաթեթի իրականացման և աշխատանքի համակարգման պատասխանատուներն են Գերմանիայի Աահենի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը և Գորիսի պետական համալսարանը: Քննարկվեցին նաև ծրագրից ռուսական գործընկեր հաստատությունների դուրս գալու հետևանքով առաջացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը։
Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր հայկական և իրանական համալսարանների կողմից մշակված կրթական մոդուլների, այդ հարցում եվրոպական համալսարանների ուղղորդման և լրամշակման հարցերի, ինչպես նաև սարքավորումների գնման և ֆինանսական հարցերին առնչվող մի շարք խնդիրների քննարկմանը։
Աշխատանքային հանդիպման ավարտին որոշվեց ծրագրի կառավարման խորհրդի հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, իսկ դասախոսների մեկշաբաթյա վերապատրաստումն իրականացնել հոկտեմբերին՝ Աթենքի տեխնիկական ազգային համալսարանում։

Facebook Comments