ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

2021թ. հունվարի 3-ին 75 տարեկանում կյանքից հեռացավ Գորիսի պետական համալսարանի դոցենտ, պատմաբան, արձակագիր Սերգեյ Հախվերդյանը:
Սերգեյ Գեղամի Հախվերդյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 27-ին Գորիս քաղաքում։ Սովորել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1964-1968 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարագրության ֆակուլտետում՝ «Պատմություն» մասնագիտությամբ:
1968-69թթ. աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի կաբինետի վարիչ: 1969-1970թթ. զորակոչվել է Խորհրդային բանակ, ունի սպայական կոչում:
1973-1986թթ. աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում՝ որպես դասախոս: 1986-1995թթ.-ին՝ Գորիսի երկրագիտական թանգարանի տնօրեն: Նրա օրոք թանգարանը ձեռք է բերել ու ֆոնդավորել հարյուրավոր հնագիտական, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ։ 1992-1995 թվականներին աշխատել է Գորիսի «Սյունիք» և «Տաթև» համալսարաններում, աշխատակցել Գորիսի քաղաքապետարանի «Բանբեր Գորիսի» խմբագրակազմին։ 1993-1996 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի սյունիքյան թղթակիցը: 1989թ.-ին Գորիսի քաղաքապետարանի պատվերով հեղինակել է «Գորիսի պատմությունը», որը լույս է տեսել 1996թ.-ին:
1996-2006թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղում: 2000թ.-ին նշանակվել է ՀՊՃՀ-ի Գորիսի մասնաճյուղին կից հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, իսկ 2006-2008թթ.-ին՝ Գորիսի պետական համալսարանի պատմության ամբիոնի ասիստենտ:
2008թ. մայիսի 30-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ս.Հախվերդյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ պատմագիտություն մասնագիտությամբ:
2008-2016թթ. նա ղեկավարել է ԳՊՀ-ի պատմության և իրավագիտության ամբիոնը, իսկ 2016թ.-ից աշխատել է որպես պատմության ամբիոնի դոցենտ:
2010թ.-ից եղել է ԳՊՀ-ում գործող ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, իսկ 2016-2019թթ.-ին՝ «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» թեմայով գիտական ծրագրի գիտաշխատող:
2019-2021թթ-ին Ս.Հախվերդյանը ղեկավարել է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» թեմայով գիտական ծրագիրը:
Մեծ է նրա ներդրումը ԳՊՀ-ի գիտամանկավարժական կյանքում, «Պատմություն» մասնագիտության ներդրման ու զարգացման գործում: Հախվերդյանի աշխատատար ջանքերը, գիտական արժեքավոր ուսումնասիրությունները որակական նոր շունչ հաղորդեցին Սյունիքի, մասնավորապես հայրենի Գորիս քաղաքի պատմության ուսումնասիրությանը։
Պրոֆեսոր Գ. Գրիգորյանի հետ հեղինակել է 2001 թվականին հրատարակված «Սյունիքի պատմություն» աշխատությունը, 2005թ.-ին՝ «Գորիսի ամփոփ պատմություն» գիրքը, 2007թ.-ին հրատարակվել է «Պատմագիտական նոթեր. Սյունիք» գրքույկը, որտեղ ամփոփվել են հեղինակի գիտական հոդվածները. նա շուրջ 30 գիտական հոդվածների հեղինակ է:
«Ռուբեն» գրական կեղծանունով ուսանողական տարիներից սկսած՝ զբաղվել է գրական գործունեությամբ։ Եղել է ՀՀ գրողների միության Սյունիքի մասնաճյուղի անդամ: Նրա պատմվածքները տպագրվել են հանրապետական, մարզային մամուլում, տարբեր ժողովածուներում։ 2009 թվականին լույս է տեսել «Բարի արև-բարև» գիրքը, որտեղ ամփոփած են հեղինակի 20 պատմվածքներ։
2003թ.-ին ԵՐՊԻ-ՀՊՃՀ 70-ամյակի առթիվ Ս.Հախվերդյանին ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանի կողմից շնորհվել է վաստակագիր՝ ի գնահատումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում երկարամյա բեղմնավոր գործունեության, 2006թ.-ին Սյունիքի և հատկապես Գորիսի պատմագրության գործում նորովի համապարփակ մոտեցման մեջ մեծ ավանդ ունենալու համար Գորիսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրի: 2007թ.-ին գիտմանկավարժական երկարամյա անբասիր աշխատանքի, կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար Սյունիքի մարզպետարանի կողմից պարգևատրվել է «Ակսել Բակունց» հուշամեդալով։
Համեստ ու մեծահարգ դասախոսի ավանդն ուսանողների կրթության ու հայեցի արժեհամակարգի ձևավորման գործում անգնահատելի է, նրա սերմանած գաղափարները միշտ ուղենիշ կլինեն սաների համար, իսկ հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում:

ԳՊՀ ռեկտորատ
Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոն

Facebook Comments