ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՍՅՈՒՆԻՔ» ՀԱՆԴԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

2018-2019 ուսումնական տարում ԳՊՀ-ն շարունակել է արդյունավետ կերպով իրականացնել ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» թեմայով գիտական ծրագիրը, ինչի նպատակն է ԳՊՀ-ի գիտական ներուժն օգտագործելով` ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը: Ծրագրի շրջանակում կատարվել են հետազոտական ու հրատարակչական որոշակի աշխատանքներ:
Օրերս լույս է տեսել «Հայագիտություն. Սյունիք» հանդեսի հերթական համարը (2019թ., թիվ 1(13), որն ընդգրկում է ծրագրի գիտաշխատողների, ինչպես նաև ԳՊՀ-ում դասավանդող դասախոսների հոդվածները և մեկ գրախոսություն: Խմբագրական խորհրդի նախագահը ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ղուկասյանն է, խմբագիրը ծրագրի ղեկավար, պատմագիտության դոցենտ Ս. Հախվերդյանը: Խմբագրական խորհրդի անդամներն են` պ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ստեփանյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Գևորգյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Է. Մկրտչյանը, բ.գ.դ., դոցենտ Թ.Հայրապետյանը, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանը, բ.գ.թ. Ս.Մանուչարյանը:
Հանդեսում տեղ են գտել հետևյալ հայագիտական ուսումնասիրությունները` «Դիտարկումներ Գորիսի մելիքության հիմնադրման և առաջին մելիքի` Մեծ Մելիք-Օհանի ու նրա որդու` Բաղրի վիմագրական արձանագրությունների շուրջ» (պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան), «Գորիսի ճարտարապետության պատմությունից»(դոցենտ Սերգեյ Հախվերդյան), «Սերո Խանզադյանը և Արցախյան շարժումը» (բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարության), «Զանգեզուրի ռազմական ուժերի 1920թ. մարտյան հերոսամարտը» (պ.գ.դ., պրոֆեսոր Հ.Գևորգյան), «Խնձորեսկի եկեղեցական-ծխական դպրոցի պատմությունից» (Գրիշա Հարությունյան), «Դրվագներ Տարսայիճ Օրբելյանի դուստր Ասփայի գործունեությունից»(Գայանե Շաբունց), «Գորիսի տարածաշրջանի մ.թ.ա. III-I հազարամյակների կոթողային հուշարձանները և դրանց ծիսական նշանակությունը» (Նոննա Ալավերդյան), «Սյունիք. պատմություն և հիշողություն» գիրքը Հայաստանի, մասնավորապես Սյունիքի պատմության, հասարակական, քաղաքական հարաբերությունների նոր էջ, աղբյուր» (ազգագրագետ Հրանուշ Խառատյան, գրախոսություն):
Գիտական-ակադեմիական առումով «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագիրը միակն է համալսարանում, որ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացնում է արժեքավոր հետազոտություններ Սյունիքի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ: Տպագրության նախապատրաստման ընթացքում է նաև ծրագրի շրջանակում 2019թ.-ի հունիսի 14-ին ԳՊՀ-ում կազմակերպված «Բակունցյան ընթերցումներ» հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն` նվիրված Ակսել Բակունցի 120-ամյակին:

Facebook Comments