«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

   Մարտի 6-ին Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսույթ` ի պատիվ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Ալավերդյանի, ով ՀՀ ԿԳ նախարարության 2016 թվականի <<Լավագույն ուսանող>> հանրապետական մրցույթում հաղթող էր ճանաչվել`  հայագիտության ոլորտում զբաղեցնելով  առաջին պատվավոր տեղը:

  Նշենք, որ արդեն չորրորդ տարին է «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` անցկացվում է մրցույթ՝ ներբուհական և (միջբուհական) հանրապետական փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ) և հասարակական ակտիվությունը: Եվ արդեն երկրորդ տարին է ̀ մրցույթում հաղթող է ճանաչվում մեր համալսարանի առաջադեմ ուսանողուհի Սոնա Ալավերդյանը:

  Հարազատ կրթօջախը ցնծությամբ դիմավորեց իր արժանավոր սանին: Հանդիսույթին ներկա էին ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը, ՀՀՄՖ դեկանի պաշտոնակատար Թ.Մարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԳՊՀ ՈՒԽ նախագահ Ա.Անդրիյանը, ԳՊՀ ՀՀՄՖ ՈՒԽ նախագահ Մ.Իվանյանը և ուսանողները:

 Շնորհավորական խոսքով հանդես եկավ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մ.Իվանյանը: Ելույթ ունեցավ ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը̀ բարձր գնահատելով Ս.Ալավերդյանի հերթական ուսումնագիտական նվաճումը: Պրոռեկտորը նշեց, որ ԳՊՀ առաջիկա ռեկտորատի նիստում բուհի ղեկավարությունը նույնպես կխրախուսի համալսարանի լավագույն ուսանողուհուն:

  ՀՀՄՖ դեկանի պաշտոնակատար Թ.Մարությանը, որ ներկա էր գտնվել մարտի 3-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը, հիացմուքնով ու հպարտությամբ խոսեց Սոնա Ալավերդյանի հաղթանակի մասին` ընդգծելով նրա ուսանող տեսակի օրինակելիությունը, գերազանց առաջադիմությանը զուգահեռ նրա ունեցած գիտական բացառիկ ներուժը, ինչի վկայությունը բազմաթիվ ներբուհական, հանրապետական ու միջազգային գիտաժողովների մասնակցությունն է, նաև ակադեմիական բարեվարքությունն ու հասարակական ակտիվությունը:

  Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև ԳՊՀ գիտքարտուղար Տ.Վանդունցը, ՀՀՄՖ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Մ.Կարապետյանը, ԳՊՀ ՈՒԽ նախագահ Ա.Անդրիյանը:

   Իսկ համալսարանի արժանավոր ուսանողուհին նախ և առաջ շնորհակալություն հայտնեց դասախոսներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իր մասնագիտական կայացման ճանապարհին  և «ջրում են իր արմատները»:

best-student-1 best-student-2 best-student-3 best-student-4 best-student-5 best-student-6

Facebook Comments