էՐԱԶՄՈՒՍ+ SAH ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Ս.թ. փետրվարի 16-17-ը տեղի ունեցավ Էրազմուս+ «Ճարտարապետական ​​ժառանգության կայուն զարգացման համար կարողությունների զարգացում»  (SAH) ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական ծրագրային գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Լ’Աքվիլայի համալսարանից (համակարգող, Իտալիա), Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանից (Գերմանիա) ու Աթենքի ազգային տեխնիկական համալսարանից (Հունաստան), հայաստանյան գործընկեր հաստատություններից` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Գորիսի պետական համալսարանից և Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատից, իրանական գործընկեր համալսարաններից` Թեհրանի համալսարանից և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանից, ռուսական գործընկեր հաստատություններից` Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանից, Կազանի ճարտարապետության և ճարտարագիտության պետական համալսարանից, Մ. Վ. Լոմոնոսովի անվան հյուսիսային (արկտիկական) դաշնային համալսարանից և Սամարայի պետական տեխնիկական համալսարանից:
Երկօրյա հանդիպման առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ու Ռուսաստանում Էրազմուս+ծրագրի ազգային գրասենյակների համակարգողներ Լանա Կառլովան և Աննա Մուրավյովան: Լ’Աքվիլայի համալսարանից ծրագրի համակարգող Աննա Տոցցին խոսեց ծրագրի հիմնական նպատակների, նախատեսվող գործողությունների և ակնկալվող արդյունքների մասին, իսկ համակարգող  թիմի անդամ Մասիմիլիանո Դ’Ինոչենցոն ներկայացրեց  իրենց համալսարանն ու ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները: Ծրագրում Գորիսի պետական համալսարանի դերը, անելիքները և աշխատանքային թիմի անդամներին ներկայացրեց ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, դասախոս Նաիրա Սաֆարյանը:
Միջոցառման երկրորդ օրը քննարկվեցին ծրագրի գործընկեր հաստատությունների միջև կնքվելիք համաձայնագրի կետերը, ֆինանսավարչական ու տեխնիկական և, ըստ աշխատանքային փաթեթների, աշխատանքային խմբերի կազմման հարցերը, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների և  հետագա հանդիպումների ժամանակացույցը:
Մեկնարկային հանդիպման օրակարգին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում➡ agenda-kom-SAH-updated։

ԳՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ











Facebook Comments