ԷՐԱԶՄՈՒՍ+ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԳՊՀ-ՈՒՄ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Էրազմուս + ծրագրի շրջանակում 2022 թ․ կարողությունների զարգացման նախագիծ-առաջարկների մրցույթում հաղթել և ԵՄ ֆինանսավորմանն արժանացել են նաև ԳՊՀ-ի մասնակցությամբ իրականացվելիք երկու ծրագրեր՝ «Կարողունակություններ՝ միջազգային նորարարական նախագծերի համար» (“Competences for International Innovation Projects”) և «Բուհական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (“Transforming Graduate Education for Green and Sustainable Future”):
Ստորև ներկայացված են վերոնշյալ ծրագրերի համառոտ նկարագրերը։
1. Կարողունակություններ՝ միջազգային նորարարական նախագծերի համար (CompIIT)
CompIIT ծրագրի համակարգողն է Եվրոպական համալսարանը (Հայաստան)։ Կոնսորցիումի ծրագրային երկրների համալսարաններն են Ֆախոշուլ Դորդմունտի համալսարանը (Գերմանիա) և Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա), իսկ գործընկեր երկրի հաստատություններն են Գորիսի պետական համալսարանը և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը: Ծրագրի նպատակն է հիմնել վիրտուալ տիրույթ (ներառյալ՝ Լեզվի և հաղորդակցության դպրոցը՝ որպես վիրտուալ տիրույթի միավոր), ինչպես նաև ներդնել «Նախագծերի կառավարում» մասնագիտությունը ՏՏ համապատասխան գործիքների կիրառմամբ և նախագծերի կառավարման գործընթացում անգլերենի իմացության ամրապնդմամբ:
Հայաստանում ծրագիրը նպատակ ունի ուսանողներին նախապատրաստելու միջազգային, թվայնացված և նախագծային աշխատանքային միջավայրին՝ զարգացնելով նրանց կարողունակությունները և ձեռնարկատիրական մտածելակերպը:
2. Բուհական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի (T-GREEN)
T-GREEN ծրագրի համակարգողն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (Հայաստան)։ Կոնսորցիումի ծրագրային երկրների համալսարաններն են Հռոմի Սապիենցայի համալսարանը (Իտալիա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա), Լունդի համալսարանը (Շվեդիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան): Գործընկեր երկրի հաստատություններն են Եվրասիա միջազգային համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ծրագրի նպատակն է բարեփոխել հայկական կրթությունը՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագայի կրթական «կանաչ» ծրագրերի:
Ծրագրի առանցքում ոլորտի որոշումներ կայացնողների և քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների կարողությունների զարգացումն է, նրանց մասնակցությամբ համագործակցային ցանցի ստեղծումը և «կանաչ» կրթության համար ազգային ու ինստիտուցիոնալ գործիքակազմի ստեղծումը։
Ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կներկայացվեն առաջիկայում:

ԳՊՀ ԱԿՀ բաժին

Facebook Comments