ԴԵՊԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ. HARMONY ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Ս.թ. ապրիլի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում ներկայացվեց «ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման HARMONY» ծրագրի հիմնական արդյունքները: ՀՀ Կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը նշեց, որ «HARMONY ծրագիրը Եվրամիության աջակցությամբ իրականացած այն հաջողված ծրագրերից է, որը մասնակից բուհերին հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել միջազգայնացման ուղղությամբ: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս մեկ այլ՝ BOOST ծրագրի շրջանակներում մշակվում է նաև ազգային մակարդակում բարձրագույն կրթության ռազմավարությունը, և վեց հիմնական նպատակներից մեկը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների գործընթացների միջազգայնացման ընդլայնումն է: Ծրագրի շրջանակներում կմշակվի միջազգայնացման ազգային ռազմավարությունը՝ հիմք ծառայելով ինստիտուցիոնալ ռազմավարությունների մշակման համար: Ինստիտուցիոնալ մակարդակում միջազգայնացման ռազմավարությունների մշակման համար անհրաժեշտ է օգտվել HARMONY ծրագրի արդյունքներից և արդեն իսկ մշակված գործիքակազմից»: Հայաստանում Էրազմուս Պլյուս Ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան փաստեց, որ «վերջերս ԵՄՀ-ում իրականացրած մոնիթորինգային այցի արդյունքները փաստեցին, որ ծրագիրն իսկապես հաջողված է և այն կարող է լավագույն օրինակ հանդիսանալ: Այդուհանդերձ ՀՀ բարձրագույն կրթական համակարգը թերևս անելիք ունի ներգնա ուսանողների և դասախոսների ներգրավվման առումով. ՀՀ բարձրագույն կրթական համակարգը պետք է լինի բաց, մատչելի և որակյալ»: Ծրագրի հիմնական նպատակները և արդյունքները ներկայացրեց Հայ-ռուսական համալսարանի Միջազգային համագործակցությունների բաժնի ղեկավար Սվետլանա Մանշուրյանը, որից հետո ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացման վերաբերյալ վերլուծություն, միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև միջազգայնացման ռազմավարությունների զարգացման գործիքակազմը։ Վերոնշյալ բաղադրիչների շուրջ մասնակիցների կողմից ծավալվեց ակտիվ քննարկում: Հնչեցին առաջարկներ. մասնավորապես կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ բուհերում HARMONY ծրագրի լավագույն փորձը տարածելու նպատակով: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը և Հայ-ռուսական համալսարանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, 2015-2018 թթ.. ընթացքում Եվրամիության հովանավորությամբ (Erasmus Plus) իրականացրել են «ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման HARMONY» ծրագիրը։

ԱՂԲՅՈՒՐԸ` Eurasia International University

Facebook Comments