ԳՐԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկայի շրջանակներում ապրիլի 5–ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում կազմակերպել էր Հ.Թումանյանի ստեղծագործություններին նվիրված գրական միջոցառում՝ «Գործն է անմահ, լա՜վ իմացեք» խորագրով, որով էլ ամփոփել էր արդյունավետ փորձուսուցումը:
Ցերեկույթին ներկա էին նաև ԳՊՀ-ի ներկայացուցիչները՝ պրակտիկայի մեթոդիստն ու մանկավարժը:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում «21-րդ դարի Վերնատանը» հավաքված գրողները խոսում էին մոր մասին՝արժևորելով ու գնահատելով աշխարհի բոլոր մայրերին, մայրական սերն ու նվիրումը, որդիական երախտագիտությունը, երկրորդ մասում տարբեր հեքիաթներից հերոսներ էին հավաքվել մեկ վայրում, իրենց գլխով անցածը հիմք ընդունելով՝ գովերգում էին աշխատասիրությունը, ջանասիրությունն ու գրագիտությունը: Միջոցառումը համեմված էր ժողովրդական երգ-խաղիկներով:
Երեխաներն իրենց ողջ եռանդը ներդրեցին միջոցառման մեջ՝ գեղեցկացնելով այն դերասանական խաղով, մաքուր խոսքով և ավանդական լուծումներով:
Ինչպես նշում է Մելանյա Թևոսյանը՝ միջոցառման նպատակն էր՝ ևս մեկ անգամ կարևորել կյանքի արժեքներն ու մարդկային արժանիքները, պահպանել ազգայինն ու ավանդականը, հայերենը դասել առաջին տեղում՝ կարևորելով ազգապահպան գործառույթը, երեխաների մեջ արմատավորել սեր դեպի գիրքը, դեպի մեր գրողներն ու հայ գրականությունը:

Facebook Comments