ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

ԳՊՀ ուսանողական խորհուրդը անցկացրեց այս ուսումնական տարվա անդրանիկ նիստը, որի օրակարգում ուսանողական խորհրդի նախագահի և նոր կազմի ընտրության հարցն էր: Նիստին ՈՒԽ, ՈՒԳԸ նախագահությունից և անդամներից բացի ներկա էին նաև ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը, ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը:

ԳՊՀ ռեկտորը ողջունեց ուսանողներին և անդրադարձավ ԳՊՀ ուսանողական կառույցների ունեցած կարևոր դերին ու գործունեությանը: «Գորիսի պետական համալսարանում մեծ կարևորություն ունեն այս երկու՝ գործող ուսանողական կառույցները, որոնք բուհի կառավարման մարմիններում անմիջականորեն ներկայացնում են ուսանողության շահերը: Մաղթում ենք ուսանողներին արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ հասարակական, կրթագիտական ոլորտների առաջընթացի»,- նշեց ռեկտորը:

Կարևորելով ուսանողների մասնագիտական աճի զարգացումը, մշակութային և հասարակական բնագավառներում ունեցած ակտիվությունը՝ ԳՊՀ ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը հաջողություններ մաղթեց ուսանողական կառույցների հետագա աշխատանքներին:

Նիստի ընթացքում ԳՊՀ ՈՒԽ նախագահ Գուրգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարական է ներկայացրել: Նիստի անդամները ԳՊՀ երկու ֆակուլտետներից առաջադրեցին 4 թեկնածուներ` հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Գրիգորյանին, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Աբրահամյանին, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Լալաբեկյանին, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կառավարում (ըստ ոլորտների)» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Զիլֆուղարյանին:

Թեկնածուները նախքան քվեարկությունը ներկայացրին ՈՒԽ-ի գործունեության զարգացման իրենց տեսլականները, ինչպես նաև անդրադարձան ուսանողական ակտիվ առօրյայի կազմակերպման, բուհի կառավարման գործընթացներում ուսանողների մասնակցության և այլ բուհերի ուսանողական կառույցների հետ համագործակցային կապերի ձևավորման ու խթանման հարցերին: ՈՒԽ նիստի փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում և ձայների մեծամասնությամբ (27 կողմ) ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր կառույցի քարտուղարի պաշտոնը, փոխնախագահ` «Կառավարում (ըստ ոլորտների)» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Զիլֆուղարյանը: Նորընտիր նախագահի առաջարկությամբ ուսանողական խորհրդի քարտուղար ընտրվեց «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Աբրահամյանը:

ՈՒԽ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց նախկին նախագահ Գուրգեն Հարությունյանին արդյունավետ աշխատանքների և գործունեության համար՝ նշելով, որ ՈՒԽ-ն գիտական ընկերության հետ համատեղ կստեղծի ստեղծագործական և կրթական այնպիսի միջավայր, որը նորանոր կապեր և հեռանկարներ կձևավորի ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Նիստի ավարտին առաջին կուրսեցիների համար կազմակերպվեց հայտագրում՝ հնարավորություն ունենալով անդամակցելու համալսարանի ուսանողական կառույցներին:

Facebook Comments