ԳՊՀ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 11-12-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կկազմակերպվի հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ, ԱՀ և արտերկրի բուհերի 100-ից ավելի մագիստրանտներ և բակալավրիատի ուսանողներ: Գիտաժողովի աշխատանքներին առկա և հեռավար ձևաչափերով մասնակցելու երաշխավորություն են ստացել մոտ ինը տասնյակ ուսանողներ Գորիսի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանից, Սորբոնի համալսարանից:
Տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի սրահում մայիսի 11-ին՝ ժամը 9:00-ից 9:30-ը, տեղի կունենա գիտաժողովի մասնակիցների գրանցումը, այնուհետև ծաղկեդրման արարողություն կկազմակերպվի Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ, իսկ ժամը 10:00-ին կկայանա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը և լիագումար նիստը: Նիստերը կշարունակվեն հինգ մասնախմբերում՝ «Պատմություն և իրավագիտություն», «Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն», «Տնտեսագիտություն,աշխարհագրություն, տուրիզմ», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Բանասիրություն»: Նույն օրը տեղի կունենա գիտաժողովի փակման և հավաստագրերի հանձնման արարողությունը: Խմբագրական խորհրդի կողմից երաշխավորված հոդվածները տպագրվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում: Գիտաժողովի շրջանակներում նախատեսված են նաև պատմաճանաչողական շրջայցեր:
Սիրով սպասում ենք բոլորին:
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովին հայտ ներկայացրած բուհերի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողական կառույցներին:
Կից ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը: Ծրագիր -ԳՊՀ գիտաժողով

Facebook Comments