ԳՊՀ-ի վերահավատարմագրման գործընթացը համավարակի պայմաններում

Հարցազրույց ԳՊՀ-ի պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանի հետ

Տիկին Մարության, ներկայացրեք, խնդրեմ, թե այժմ ի՞նչ փուլում է Գորիսի պետական համալսարանի` 2019թ. հոկտեմբերից մեկնարկած ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացը:

Ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի և Գորիսի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի` 2020թ.-ի վերահավատարմագրման շրջանակներում փորձագիտական խմբի այցը ԳՊՀ նախատեսվում էր մայիսին, իսկ գործընթացը պետք է ավարտվեր հոկտեմբերին, բայց ապրիլի 14-ին ԳՊՀ-ն ՈԱԱԿ-ից գրություն է ստացել, ըստ որի` համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված` ինչպես մի շարք ուսումնական հաստատությունների, այնպես էլ Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացը հետաձգվել է: Այդքանով հանդերձ` ՈԱԱԿ-ը, որպես գործընկեր և արտաքին գնահատող, որոշ գործընթացներ առ այսօր շարունակում է իրականացնել առցանց` հանդիպումների, խորհրդակցությունների ընթացքում քննարկելով նոր իրավիճակում ի հայտ եկած խնդիրները, վերլուծելով առկա փորձը: Համալսարանն իր հերթին փորձում է ռազմավարության մակարդակում իրականացնել օրապահանջ քայլեր ու փոփոխություններ` հնարավոր ռիսկերը նոր իրավիճակում կառավարելի դարձնելու համար: Արտաքին գնահատման գործընթացում մեծապես կարևորվելու է, թե բուհի կառավարման և որակի ապահովման համակարգերը ինչպես են արձագանքել մարտահրավերներին:
ՈԱԱԿ-ն այս ընթացքում ընդլայնել է նաև ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարի պահանջները. ավելացվել է նոր հարթակ, որում տեղադրվել են պահանջվող մասնագիտությունների գծով առցանց դասընթացների, քննությունների, ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունների տեսաձայնագրությունները, ըստ պահանջի` ապահովվել է ՈԱԱԿ-ի մասնագետների ներկայությունը ամփոփիչ ատեստավորման առցանց գործընթացին: Կենտրոնի կողմից մշակվել է ուղեցույց` բուհերում առցանց ուսուցումը որակի ապահովման չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար, ինչը նույնպես նպաստել է աշխատանքների սահուն ընթացքին:
Նշեմ նաև, որ 12.05.2020թ.-ին ՈԱԱԿ-ը ԳՊՀ է ներկայացրել փորձագիտական խմբի նախնական կազմը: ԳՊՀ-ն առարկություն չի ունեցել փորձագիտական խմբի որևէ անդամի վերաբերյալ և տվել է իր պաշտոնական համաձայնությունը` անցնելու գործընթացի հաջորդ փուլերին:

Ի՞նչ նպատակ էր հետապնդում ՈԱԱԿի կողմից ս.թ. ապրիլի 30-ին Գորիսի պետական համալսարանում իրականացված առցանց մշտադիտարկումը: Խնդրում եմ` մի փոքր մանրամասնել:

ՈԱԱԿ-ի կողմից մշտադիտարկում նախատեսվում էր ավելի վաղ, սակայն հանգամանքներով պայմանավորված` այն տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 30-ին` հեռավար ձևաչափով, նախօրոք ներկայացված ժամանակացույցով և շահակիցների խմբերով: Ընդհանրապես, COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում բուհերի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական ու անհրաժեշտ են դարձել: Մշտադիտարկման նպատակն էր ծանոթանալ ԳՊՀ-ում որակի ապահովման գործընթացներին, տեղեկանալ բարելավման պլանի իրականացման գործողություններին, որոնց արդյունքներն ամփոփվել են ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցում և ս.թ. փետրվարին ներկայացվել ՈԱԱԿ: Մշտադիտարկման ընթացքում ZOOM էլեկտրոնային հարթակում առցանց հանդիպումներ տեղի ունեցան ԳՊՀ-ի ռեկտորի,  պրոռեկտորի, ուսումնական մասի վարիչի, ամբիոնների վարիչների, կրթության որակի ապահովման բաժնի ղեկավարի, ինքնավերլուծության չափանիշների ղեկավարների, դասախոսների և ուսանողների հետ: ՈԱԱԿ մասնագետները տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ  ծանոթացան ԳՊՀ-ի որակի ապահովման համակարգի գործունեությանը, արձանագրած արդյունքներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն` փորձագիտական այցին նախապատրաստվելու համար: Նշենք, որ ՈԱԱԿ-ը բարձր է գնահատել շահակիցների տեղեկացվածությունը, մոտիվացիան, նոր իրավիճակում ինքնակազմակերպվելու հոգեբանական վիճակն ու մասնագիտական պատրաստականությունը, կրթության որակի ապահովման գործընթացներից իրազեկվածության մակարդակը, համատեղ թիմային աշխատանքը:

-Առցանց ուսուցման հնարավոր երկարաձգումը ինչպե՞ս կանդրադառնա վերահավատարմագրման գործընթացի վրա: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս շրջանում, ի՞նչ է առաջարկում ՈԱԱԿը հավատարմագրման փուլում գտնվող բուհերին:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը նախ առաջարկել է բուհերին մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկն ընկած ժամանակահատվածը օգտագործել արդյունքները վերլուծելու, վերաարժևորելու, կրթական ծրագրերը վերապլանավորելու և հնարավոր բոլոր զարգացումներին լիարժեքորեն նախապատրաստվելու համար։ Խրախուսվում է առաջանցիկ, այսպես ասած, անցումային վերլուծության իրականացումը` պարզելու, թե ինչքանո՞վ է բուհը ի վիճակի եղել դիմակայելու ներքին մարտահրավերներին: Այն հարցը, թե ինչպե՞ս պետք է կազմակերպվի ինստիտուցիոնալ հավատարմագրումը համավարակի պայմաններում, այս պահին ՈԱԱԿ-ի տեսադաշտում է: Մայիսի 26-ին նույն օրակարգով կազմակերպվել էր առցանց քննարկում հավատարմագրման կամ վերահավատարմագրման փուլում գտնվող ՀՀ և ԱՀ բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց երեք հնարավոր տարբերակ՝ հավատարմագրման գործընթացի հետաձգում մինչև համավարակի ավարտը, գործընթացի իրականացում ամբողջությամբ առցանց տարբերակով և առցանց հանդիպումների և բուհ այցելության  համադրում։ Ինչպես մյուս բուհերի ներկայացուցիչները, մենք նույնպես կարծիքներ արտահայտեցինք առաջարկվող ձևաչափերի վերաբերյալ` առավելապես նպատակահարմար դիտելով միքսային տարբերակը: Այժմ սպասում ենք որոշումներին: Անկախ այն բանից, թե երբ և ինչ ձևաչափով կկազմակերպվի ինստիտուցիոնալ վերահավատարմագրումը ԳՊՀ-ում, գործընթացի շրջանակներում կարևորվելու է, թե ՄՈՒՀ-ը  որքանով է արդյունավետ գործել արտակարգ դրության պայմաններում, ինչպես է գործել ուսումնական հաստատության որակի ապահովման համակարգը ստեղծված իրավիճակում, որքանով ենք մենք պատրաստ ռիսկերի կառավարմանը։ Իսկ այդ ամենը հնարավոր է ապահովել միայն ու միայն համատեղ որակյալ աշխատանքի, պատասխանատվության, լավագույն փորձի յուրացման, նոր մարտահրավերներին համահունչ որակի ապահովման ներքին մեխանիզմները կատարելագործելու արդյունքում:

Հարցազրույցը՝ Նոննա Միրզոյանի

 

Facebook Comments