ԳՊՀ-Ի ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ

ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանի 2020թ. մարտի 27-ի հրամանով բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ավարտական խմբերի՝ ուսումնական ժամանակացույցով սահմանված երկշաբաթյա պարապմունքները նույնպես կազմակերպվում են առցանց և կտևեն մինչև ապրիլի 10-ը:  Հետագա գործընթացները դեռ քննարկման փուլում են՝ պայմանավորված երկրում արտակագ դրության ժամկետի և ստեղծված իրավիճակի հետագա զարգացումների հետ:
Կիրառելով համացանցային տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ԳՊՀ դասախոսները  փորձում են հնարավորինս զուգակցել ավանդական ուսուցման մեթոդները հեռավար ուսուցման յուրահատուկ մեթոդների հետ՝ սովորողներին մասնագիտական նյութերով ապահովելու և ուսուցանելու համար:
ԳՊՀ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լ.Աթաբեկյանը և Ճարտարագիտության ու տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մ.Առուստամյանը, ամփոփելով առաջին շաբաթվա տվյալները, նշում են, որ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն առավել մեծ ներգրավվածություն ունեն կրթական առցանց գործընթացում, քան նախորդ կիսամյակներում, քանի որ ուսուցման այլընտրանքային այս ձևաչափն ավելի արդյունավետ է հեռավոր բնակավայրերում ապրողների, հատկապես աշխատող ուսանողների  համար: Ամբիոնների կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ հեռավար ուսուցման գործընթացի ուսումնամեթոդական ապահովման համար:
«Ուսուցման այդ մոդելի հիմնական առավելությունը հենց ուսուցման ճկուն ժամանակացույցի հնարավորությունն է և ստեղծված իրավիճակում սա լավագույն տարբերակն է ԳՊՀ-ում ուսումնառության անընդհատությունն ապահովելու համար,-նշում է ուս.աշխ. գծով պրոռեկտոր Թ.Մարությանը: — Սակայն ուսուցման այս ձևը բարձր պահանջներ է ներկայացնում ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, անհրաժեշտ են նաև մի շարք անհատական ու հոգեբանական պայմաններ, նաև խիստ ինքնակարգապահություն, ինչն ուղղակիորեն կախված է սովորողի ինքնուրույնությունից ու ինքնագիտակցությունից: Բուհը փորձում է յուրաքանչյուր ուսանողի համար ապահովել հեռավար ուսուցման միջոցների և հիմնական տեղեկատվական ռեսուրսների հասանելիություն` համապատասխան կրթական ծրագրի կամ դրա մի մասի յուրացման համար ուսումնական պլանով նախատեսված անհրաժեշտ ժամաքանակի ծավալին համապատասխան: Արդյունքների ամփոփումից հետո պարզ կլինեն հետագա բարեփոխիչ քայլերը: Այժմ ամբիոնների հետ քննարկվում են գնահատման անցումային քաղաքականություն մշակելու հարցերը, եթե անհրաժեշտություն առաջանա ուսումնառողների գիտելիքների ստուգման ու գնահատման հատուկ ձևեր կիրառելու (այդ թվում՝ էլեկտրոնային)»:
ԳՊՀ-ում շարունակվում է նաև առկա կրթաձևով սովորողների առցանց կրթական գործընթացը: Ռեկտորի մարտի 27-ի հրամանով մեկ շաբաթով երկարաձգվել են նաև առկա կրթաձևով ավատական կուրսերի ուսումանան պարապմունքները, հետաձգվել են բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Պատմություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների 1-ից 4-րդ կուրսերի 2-րդ կիսամյակի, ինչպես նաև  մագիստրատուրայի հեռակա ուսուցման կրթաձևի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին, 2-րդ կուրսերի  2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները, որոնք կկազմակերպվեն հեռակա ուսուցման մյուս մասնագիտությունների համար սահմանված ժամանակահատվածում՝ ս.թ. հունիսի 01-ից հուլիսի 03-ը: Նախատեսված և ժամանակավոր ընդհատված պրակտիկաները կկազմակերպվեն պարապմունքները վերսկսելուց հետո:

ԳՊՀ հասարակայնության հետ կապերի  և լրատվության բաժին

Facebook Comments