ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Հոկտեմբերի 20-ին ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ  2022-2023  ուստարվա ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման, ԳՊՀ  2022-2023  ուստարվա ձմեռային ժամանակաշրջանի անցման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ԳՊՀ-ում իրականացվող միջազգային ընթացիկ և նոր ծրագրերի վերաբերյալ և ընթացիկ այլ հարցեր:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ենթակա ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ այդմ՝ սահմանված համապատասխան տարակարգերի՝ բակալավրի կրթական ծրագրով 17, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 3 և ռեկտորատի որոշմամբ այլ տարակարգերի 6 ուսանողների կհատկացվեն ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում:
ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանը ներկայացրեց ԳՊՀ-ում իրականացվող միջազգային՝ SMARTI և SAH, ինչպես նաև ևս 2 նոր ծրագրերի՝ CompIIT և TGREEN վերաբերյալ տեղեկատվություն: Նշենք, որ SMARTI և SAH ծրագրի շրջանակներում ծրագրի աշխատակիցների, ԳՊՀ դասախոսների համար  կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ ԳՊՀ-ում, Սևիլիայի համալսարանում, Լ’Աքվիլա և Աթենք քաղաքներում: Ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ում վերջերս ԵՄ ֆինանսավորմամբ բացվեց լսարան-կենտրոն՝ նոր սարքավորումներով, որը հետագայում կամբողջացվի նաև նոր գրքերով: Այս կենտրոնի բացումը  կխթանի բուհում անգլերենի՝ նոր մակարդակով ուսուցումը, տարբեր ձևաչափով անցկացվող սեմինարների, քննարկումների և գիտաժողովների անցկացումը:
Ն. Սաֆարյանը նշեց, որ  Էրազմուս + ծրագրի շրջանակում ԵՄ ֆինանսավորմանն արժանացել են նաև ԳՊՀ-ի մասնակցությամբ իրականացվելիք երկու ծրագրեր,  որոնք նպատակ ունեն ուսանողներին նախապատրաստելու միջազգային, թվայնացված և նախագծային աշխատանքային միջավայրին, բարեփոխել հայկական կրթությունը՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագայի կրթական «կանաչ» ծրագրերի:
ԳՊՀ ռեկտորը կարևորեց այս ծրագրերի շրջանակներում իրականացվող բազմաբնույթ աշխատանքները, որոնք կստեղծեն նոր համագործակցություններ, պայմանագրեր և գործընկերներ:
Այնուհետև ռեկտորն անդրադարձավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին առաջին կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումներին և դասալսումներին:
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտոր Վանդունցի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments