ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Ապրիլի 26-ին գումարվեց ԳՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահում էր ռեկտորի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Թ. Մարությանը: Նիստի օրակարգը հաստատելուց հետո նա ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ ԳՊՀ գիտական խորհրդի կազմի համալրման մասին: Նա նշեց, որ ԳՊՀ գիտական խորհրդի կազմում անհրաժեշտ է կատարել փոփոխություն՝ կապված գիտական խորհրդի անդամ Հարութ Դավթյանի՝ զինվորական ծառայության զորակոչվելու հանգամանքի հետ: Ուսանողական կառույցի կողմից ներկայացվել է Հայկուշ Արզանյանի թեկնածությունը, որով և համալրվեց գիտական խորհրդի կազմը:

Հաջորդիվ Թ. Մարությանը ներկայացրեց ԳՊՀ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմի թափուր տեղի համալրման համար ՊԴ կազմից առաջադրված թեկնածությունների ընտրության մասին: Նա նշեց, որ քանի որ որպես ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր կատարում է նաև ռեկտորի պարտականությունները, ուստի դիմում էր ներկայացրել ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանին՝ իր լիազորությունները ԳՊՀ խորհրդում դադարեցնելու վերաբերյալ: Հետևաբար համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդում առկա թափուր տեղի համալրման նպատակով գիտական խորհուրդը, ըստ կարգի, պետք է ընտրի նոր անդամ: ԳՊՀ տարբեր ստորաբաժանումներից գիտական խորհրդի քննարկմանն են ներկայացվել չորս անդամի թեկնածություն՝ ֆ.մ.գ.դ., դոցենտ Զարեհ Գրիգորյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արփինե Դինունց, մ.գ.թ., դոցենտ Հրայր Պետրոսյան, Գայանե Շաբունց: Նիստի ընթացքում Գ. Շաբունցը և Հ. Պետրոսյանն ինքնաբացարկ հայտնեցին: Գիտական խորհրդի որոշմամբ փակ (գաղտնի) քվեարկության դրվեց Զ. Գրիգորյանի և Ա. Դինունցի անդամության ընտրության հարցը: Ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով: Ձայների մեծամասնությամբ ԳՊՀ խորհրդի անդամ ընտրվեց ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտ. դոկտոր Զարեհ Գրիգորյանը: Ներկաները շնորհավորեցին Զ. Գրիգորյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ԳՊՀ խորհրդի կազմում: Վերջինս նույնպես շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 5-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման համար հայտարարվել է բաց մրցույթ, որը կանցկացվի մայիսի 30-ին Գորիսի պետական համալսարանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments