ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ՝ «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ-230»

Մայիսի 5-ին ՀՀՄ ֆակուլտետի Իրավագիտության ամբիոնը նախաձեռնել էր գիտական ընթերցումներ՝ «Լուսավորականության դարաշրջանը և հայ ազատագրական, իրավաքաղաքական միտքը» խորագրով՝ նվիրված հայկական առաջին սահմանադրության՝ «Որոգայթ փառաց»-ի ստեղծման 230-ամյակին: Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ,  պ.գ.թ. Մ.Թելունցը՝ «Լուսավորականության դարաշրջանը և 18-րդ դարի երկրորդ կեսի հայ առաջադեմ ազատասիրական, իրավաքաղաքական միտքը. «Որոգայթ փառաց»-ը` հայկական առաջին սահմանադրությունը և հայկական ապագա պետության մոդելը. պատմություն և արդիականություն» թեմայով, ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանը՝ «Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» երկի պատմագեղարվեստական արժեքը» թեմայով, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողները՝ մագիստրատուրայի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Շ.Միքայելյանը («Որոգայթ փառաց»-ը՝ որպես հայ իրավունքի հուշարձան»), Մ.Բեգլարյանը («Հայկական պետականության անկման պատճառները՝ ըստ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» իրավաքաղաքական երկի»), «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մ.Իվանյանը («Գրահրատարակչական և գրատպագրական գործը Մադրասահայ գաղութում (18-րդ դար)»):

Զեկուցողները անդրադարձան լուսավորականության դարաշրջանում հայ ազատասիրական, իրավաքաղաքական մտքի զարգացման հիմնախնդիրներին՝ մասնավորապես կարևորելով մադրասահայ գաղութի դերակատարությունը՝ որպես 18-րդ դարի հայոց գաղափարաբանության մշակման կենտրոն, որտեղ շիկանում էր մտավոր, քաղաքական գործիչների մի ամբողջ բույլի ազատասիրական եռանդը: Գիտական ընթերցումների թեմատիկ սևեռումը «Որոգայթ փառացն» էր՝ ոչ միայն հայ իրականության մեջ, այլև աշխարհում առաջին սահմանադրության նախագիծը, որը նաև ազգային-ազատագրական շարժման ծրագիր էր ու դրա տեսական հիմնավորումը: Աշխատություն, որ դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման տեսական զենք և գործնական ուղեցույց, արթնացրեց հային թմրությունից, բորբոքեց ազգային արժանապատվությունը, ոգեշնչեց ազատության ու արժանապատիվ գոյատևման, այսինքն՝ կանխորոշեց ազգային ինքնագիտակցության ու ազատագրական շարժման հետագա ողջ ընթացքը, դարձավ նրա մանիֆեստը:

Զեկուցումների շուրջ ծավալվեց քննարկում, իսկ ամփոիչ խոսքով հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ստեփանյանը: Իրավագիտության ամբիոնի վարիչ Մալիկ Թելունցը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակիցներին, զեկուցումներ ներկայացրած ուսանողներին հանձնեց հավաստագրեր:

Facebook Comments