ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Փետրվարի 8-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում ԳՊՀ ուսանողության համար «Միջազգային իրավունքի աղբյուրները»  թեմայով բաց դասախոսությամբ հանդես եկավ իրավագետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հայկանուշ Պարսամյանը:
Օրվա բանախոսին ողջունեց ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի ժ/պ Սվետլանա Մանուչարյանը`համառոտ ներկայացնելով նրա մասնագիտական որակավորումները, գործունեության հիմնական բնագավառներն ու ձեռքբերումները: Նա շնորհակալություն հայտնեց Պարսամյանին` երկրորդ անգամ Գորիսի պետական համալսարան այցելելու համար, որի նպատակը ուսանողությանը մասնագիտական հարուստ գիտելիքներ փոխանցելն է, նաև արտաքին կապերի և համագործակցության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելը:
Հայկանուշ Պարսամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ դեռևս անցած տարվա հանդիպումներից ինքը մեծապես տպավորված է ԳՊՀ-ի ուսանողներով ևայժմ էլ պատրաստակամ է միջազգային առաջավոր համալսարաններում ձեռքբերած իր մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնելու Գորիսի պետական համալսարանում «Իրավագիտություն» մասնագիտության կայացման, որակյալ իրավագետներ պատրաստելու գործում:
Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումներով, ինտերակտիվ մեթոդներով, ուսանողները ծանոթացան միջազգային իրավունքի աղբյուրներրի հասկացությանն ու տեսակներին, միջազգային ու ներպետական իրավունքի հարաբերակցությանը, միջազգային իրավունքի գերակայությանը ՀՀ-ում և այլ իրավական համակարգերում:
Հայկանուշ Պարսամյանը հանդիպեց նաև ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանի, Արտաքին կապերի ու համագործակցության բաժնի ղեկավար Ն.Սաֆարյանի, գիտական քարտուղար Թ.Մարությանի հետ, քննարկվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի և ալյ միջազգային գիտակրթական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Facebook Comments