ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԵՎ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԼԻՑՆԵՐԻՆ

Փետրվարի 27-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում Սումգայիթում հայերի ցեղասպանության 31-րդ և Բաքվում  հայերի ցեղասպանության 89-րդ տարելիցներին նվիրված «Սումգայիթյան ցեղասպանություն. պատմական զուգահեռներ և դասեր» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների ու Սփյուռքի բաժնի վարիչ, ԳՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանը: Բաց դասախոսությանը ներկա էին ԳՊՀ-ի խորհրդի նախագահ Կարեն Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ահարոնը, Գորիսի մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ:
Բանախոսության մեկնարկին քահան տեր Ահարոնն իր ելույթում անդրադարձավ սումգայիթյան զոհերի հիշատակին, ադրբեջանական և թուրքական հայատացության քաղաքականությանն ու վերջին օրերին եվրոպական մամուլը ողողած ադրբեջանական ստահոդ հոդվածներին: Նա նաև հավելեց, որ ցեղասպանությունը և մյուս ոճրագործությունները շարունակական կլինեն հայ ժողովրդի կենսագրության մեջ անքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը լիարժեք չի պաշտպանում մեր իրավունքները: Ամփոփելով իր ելույթը՝ տեր Ահարոնն աղոթք հղեց առ Աստված` հիշատակելով անմեղ նահատակներին և ի բարօրություն հայության վաղվա օրվա:
Օրվա բանախոսին ներկայացրեց Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ Սվետլանա Մանուչարյանը՝ ողջունելով հարգարժան պրոֆեսորի հերթական նախաձեռնությունը, որի նպատակը պատմական իրադարձությունների վկայակոչմամբ ժամանակակից սերնդին օգտակար դասեր տալն է և ազգային արժանապատվության ոգին բարձր պահելը:
«Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը նշում է Սումգայիթում և Բաքվում  հայերի ցեղասպանության 31-րդ և 89-րդ տարելիցները: Այս օրերը ոչ միայն անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչելու և խնկարկելու, այլև ազգային ոգին բարձր պահելու, պատմությունից դասեր քաղելու օրեր են»,- նշեց Գ.Ստեփանյանը: Նա բանախոսության ընթացքում անդրադարձավ Արևելյան Այսրկովկասում` Կուրից մինչև Ապշերոնյան թերակղզի ընկած տարածքում տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հիմնահարցին, դրա իրականացման փուլերին ու ժամկետներին, Բաքվում և Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ կատարվող բացահայտ հալածանքի, հայրենիքից վտարելու, ուծացման և զանգվածային ջարդերի քաղաքականությանը: Բանախոսության ավարտին պրոֆեսորն արձանագրեց, որ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դրույթները(ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ից) լիովին համընկնում են այն ամենին, ինչը կատարվել է Բաքվի նահանգի տեղաբնիկ հայ բնակչության հետ 1918-1920թթ., ապա 1988-1990թթ.: Քանի որ կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանությունը բնութագրում է իբրև կանխամտածված գործողությունների գործադրում, ապա հարկ է նշել, որ արխիվային բազմաթիվ փաստերն անհերքելիորեն ապացուցում են, որ երիտթուրքերի, քեմալականների, մուսավաթականների և խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ցեղասպանության նպատակը եղել է ոչ միայն հայերի ֆիզիկական բնաջնջումը, այլև` հայրենազրկումը: Հետևապես, միջազգային հանրության հրատապ խնդիրներից պետք է լինի նաև Ադրբեջանի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությանը իրավական ու քաղաքական գնահատական տալը: ՄԱԿ-ը և անդամ բոլոր երկրները իրավասու են հետամտելու այդ խնդիրների լուծմանն ու զորակցելու հայ ժողովրդի պայքարին:
Միջոցառման նախաձեռնությունը բարձր գնահատեց ԳՊՀ խորհրդի նախագահ Կ.Հովհաննեսյանը՝ նշելով, որ նման միջոցառումները ոչ միայն նպաստում են պատմությունը վեհիշելուն և անմեղ զոհերի հավերժ հիշատակը վկայակոչելուն, այլև ազդակ են երիտասարդների համար, որ իրենց ուսումնատենչությամբ, պայքարելու ներուժով շարունակեն հայապահպանման մեծ առաքելությունը:
Ծավալվեց ակտիվ քննարկում, ներկանները բազմաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսին: Նրանք շնորհակալություն հայտնեցին պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանին` նման միջոցառումներով ներկա սերնդի կրթադաստիարակչական գործի ճիշտ կազմակերպմանը նպաստելու և հայագիտության ոլորտում արժանի ներդրում ունենալու համար:

Facebook Comments