Առցանց աշխատաժողով՝ Էրազմուս+ SAH ծրագրի ԱՓ2-ի (Զարգացում) շրջանակներում

Ս.թ. հուլիսի 8-ին Էրազմուս+ SAH ծրագրի ԱՓ2-ի (Զարգացում) շրջանակներում տեղի ունեցավ առցանց աշխատաժողով, որը կազմակերպվել էր ԱՓ2-ի պատասխանատուներ Կազանի ճարտարապետության և ճարտարագիտության պետական համալսարանի և Աթենքի ազգային տեխնիկական ​​համալսարանի նախաձեռնությամբ: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքային խմբի անդամներ Նաիրա Սաֆարյանը (ԳՊՀ ԱԿՀ բաժնի ղեկավար), Սիրանուշ Պողոսյանը (ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ), Գուրգեն Մինասյանը (ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս), Գայանե Շաբունցը (ԳՊՀ ՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավար) և Սոնա Ալավերդյանը (ԳՊՀ ԱԿՀ բաժնի մասնագետ):
Աշխատաժողովի առաջին մասը, որում ներգրավված էին կոնսորցիումի անդամ բոլոր հաստատությունները, անցկացվեց անգլերենով: Ըստ օրակարգի՝ Կազանի ճարտարապետության և ճարտարագիտության պետական համալսարանից (ԿՃՃՊՀ) ելույթ ունեցավ դոկտոր Օլգա Պորոշենկոն, որը խոսեց «Բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի ինստիտուցիոնալացում և հաստատում Ռուսաստանում, Հայաստանում և Իրանում» թեմայի շուրջ: Այնուհետև Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանի պրոֆեսոր Աննա Տոցցին ներկայացրեց «ՈԱ-ն ուսումնական պլանների նախագծման գործընթացում» թեմայով նյութը, որին հետևեցին հարց ու պատասխանը և քննարկումները:
Աշխատաժողովի երկրորդ մասի աշխատանքային լեզուն ռուսերենն էր: Այն մեթոդական սեմինար էր և նախատեսված էր ռուսաստանյան ու հայաստանյան բուհերի թիրախային խմբերի և ուսումնական պլանների ու մոդուլների մշակման մեջ ներգրավված անձնակազմերի համար: ԿՃՃՊՀ դոկտոր Օլգա Պորոշենկոն և Թաթարստանի Հանրապետության կրթության զարգացման ինստիտուտի պրոֆեսոր Դիլյարա Խակիրովան ներկայացրին «ԵՄ ՈԱՀ, չափանիշներ, գործիքներ, գնահատում և վերահսկողություն» թեման:
Ելույթներին հաջորդած քննարկումները հետաքրքրական էին այն առումով, որ զուգահեռներ անցկացվեցին հայկական և ռուսական համալսարանների կրթության որակի ապահովման, հավատարմագրման և վարկանիշավորման, կրթական ծրագրերի ու ուսումնական մոդուլների նախագծման և իրականացման գործընթացների միջև՝ դուրս բերելով ընդհանրությունները, տարբերությունները և փոխգործակցության հեռանկարները SAH ծրագրի շրջանակներում:
Առաջիկայում ԱՓ2-ի շրջանակներում կկազմակերպվի նմանատիպ աշխատաժողով՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն կրթության համակարգին, քանի որ Թեհրանի և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանները նույնպես կոնսորցիումի անդամներ են:

ԳՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ




Facebook Comments