ԱՄՓՈՓՎԵՑ ՆՈՒՀ — Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՊՀ – ՈՒՄ

Այս տարի Գորիսի պետական համալսարանը ևս միացավ հանրապետությունում առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին:

Ս.թ. հուլիսի 21 – ից մինչև օգոստոսի 17 — ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.06.2022 թ., թիվ 1150-Ա/2 հրաման) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացը: Օգոստոսի 28 – ին ԳՊՀ – ի նիստերի սրահում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթացի ամփոփիչ միջոցառումը:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին և նշեց, որ Գորիսի պետական համալսարանը ներդրել է իր ողջ ռեսուրսները դասընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ Ձեր ստացած գիտելիքները ու հմտությունները հնարավորություն կընձեռեն  ունենալ լավագույն արդյունքներ: Հաջողություն ենք մաղթում մեր ունկնդիրներին հավաստագրման փուլում»,- ընդգծեց ռեկտորը:Վերջինս ամփոփելով իր խոսքը՝ շնորհակալություն հայտնեց վերապատրաստող թիմին, գործընկերներին, որոնց ջանքերի և ակտիվ համագործակցության շնորհիվ իրականացվեց դասընթացը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև գործընթացը համակարգող Արփինե Դինունցին, ով պատշաճ մակարդակով և մեծ նվիրումով կազմակերպեց դասընթացը»,- նշեց Վանդունցը:

ԳՊՀ գիտական կենտրոնի ղեկավար, դասընթացի համակարգող Ա. Դինունցը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և շեշտեց, որ ԳՊՀ-ի համար պարտավորեցնող էր առաջին անգամ՝ որպես երաշխավորված կազմակերպություն, հանդես գալ ՆՈՒՀ – ի տնօրեններ վերապատրաստող դասընթացի ձևաչափով: «Ունկնդիրների գիտակցված և պատասխանատու վարքագիծը, դասընթացավարների մասնագիտական մոտեցումները և ընդգծված հետևողականությունը մեծապես աջակցել են վերապատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը»,- փաստեց Դինունցը:

«Մեզ համար նույնպես պարտավորեցնող և միաժամանակ կարևոր էր մասնակցություն ունենալ այս ձևաչափով դասընթացին: Մեր պատգամն է՝ լինել օրինակ, արժեք ստեղծել և որակ փոխել, և մենք գործել ենք այդ սկզբունքների դիրքերից:  Դասընթացը լավ ուղեցույց է ձեր կողմից նախադպրոցական կրթության կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու կարողունակությունների զարգացման գործում: Հաջողություններ, նպատակասլացություն և հաստատակամություն ենք մաղթում մեր ունկնդիրներին՝ հաղթահարելու այս կարևոր փուլը»,- շեշտեցին դասընթացավարներ Ա. Հովհաննիսյանն ու Փ. Խանգելդյանը: Իրենց շնորհակալական խոսքերն ասացին նաև դասընթացի ունկնդիրները, մասնավորապես նշելով՝ «Բարձր պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների մեծ պաշարի, մարդկային գործոնի առկայությունն են, որ հատկանշական դեր են ունեցել հաջողված դասընթացի իրականացման գործում»:

Հանդիպման ավարտին ռեկտոր Տ. Վանդունցը  դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց վկայագրեր, իսկ վերապատրաստող մասնագետներին՝ հավաստագրեր:

Facebook Comments