«ՎՍՏԱՀՈՐԵՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ». ՀԱՅԿՈՒՀԻ ԱՐԶԱՆՅԱՆ

 

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է ուսանողական գիտական ընկերության նախագահ Հայկուհի Արզանյանը: Հայկուհու հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական տարիների, իր բուհը ներկայացնելու կարևորության և այլ թեմաների շուրջ:

Գորիսի պետական համալսարանի ընտրությունն ինձ համար միանշանակ էր:

«Պատմություն» մասնագիտության հանդեպ ունեցած յուրահատուկ վերաբերմունքս, անշուշտ, դպրոցական տարիներից էր, և դպրոցն ավարտելուց հետո հստակ գիտեի, որ հաջորդ քայլս պետք է լինի ԳՊՀ ընդունվելը:

Մտնելով համալսարան՝ հասկացա, որ ԳՊՀ-ն իսկապես ձևավորում է բարձր արժեքներ և մշակույթ, որոնք ամուր հիմքեր են ստեղծում մեր պետության զարգացման համար: Վստահորեն կարող եմ ասել, որ համալսարանի տված կրթության, ընձեռած հնարավորությունների շնորհիվ իմ ուսումնառության տարիների ընթացքում կարողացա ձևավորել գիտական աշխարհայացք:

Ինձ համար մեծ պատիվ է լինել համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահը:

Ուսանողական բովանդակալից տարիների ընթացքում գերազանց սովորելուն զուգահեռ,  զբաղվել եմ նաև գիտահետազոտական գործունեությամբ, մասնակցել ներբուհական, հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների՝ պատիվ ունենալով ներկայացնել իմ հարազատ բուհը:

Միանշանակ, կարևորում եմ համալսարանում գործող ուսանողական երկու կառույցների ՝ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի դերը, որոնք միտված են մեր ուսանողների հասարակական, մշակութային և գիտական հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, ինչպես նաև լավ ընկերների ձեռքբերմանը:

Պատրաստվում եմ ուսումս շարունակել «Պատմություն» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրում:

Հաշվի առնելով սեփական հետաքրքրություններս և աշխատաշուկայում պահանջված մասնագետ լինելու անհրաժեշտությունը՝ ցանկանում եմ շարունակել կրթությունս հենց ԳՊՀ-ում՝ նպատակ ունենալով զարգացնել իմ մանկավարժական գիտելիքներն ու կարողությունները:

Մարգարիտա Իվանյան

Facebook Comments