ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ռոնի մասնագիտական կրթության (Ֆրանսիա) նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզին, Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին, հայաստանյան ծրագրերի հանձնակատար Թաման Անդիկյանին և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը և օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը:

Ռեկտոր Տ. Վանդունցը, ողջունելով հյուրերին, կարևորեց ֆրանս-հայկական համագործակցությունը նաև կրթական ոլորտում և այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումն ու կրթամշակութային կապերի ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում հյուրերը շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան բուհի մասնագիտական կրթական ծրագրերին և ենթակառույցներին, ներկայացրեցին իրենց ղեկավարած կրթական հաստատությունների գործունեության ուղղությունները, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները Սյունիքի մարզում։ Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հյուրերը պատրաստակամություն հայտնեցին առաջավոր փորձի փոխանակմամբ Գորիսի պետական համալսարանի հետ մշակել և իրականացնել կրթական ոլորտի համատեղ նախագծեր։

Facebook Comments