ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Խորապես վշտացած ենք հայ մեծահամբավ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանի  անժամանակ մահվան կապակցությամբ:
Մեծանուն սյունեցին շուրջ 20 տարի դասավանդել է Գորիսի պետական համալսարանում` անուրանալի ներդրում ունենալով «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության և համանուն ամբիոնի կայացման գործում:
Սյունյաց լեռնաշխարհի նշանավոր գիտնականների շարքում իր վաստակով, եզակի հայրենապաշտությամբ, մարդկային անբասիր նկարագրով առանձնանում է Կիմ Աղաբեկյանը:
Ծնվել է 1938 թվականին Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Հարժիս գյուղում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։ Հարցազրույցներից մեկում Աղաբեկյանը նշում է, որ գրականության հանդեպ սերն իր մեջ սերմանել են հայրն ու գրականության ուսուցիչ Գրիշա Մանուչարյանը. հայրը Րաֆֆու հատորները կարդալուց հետո տալիս էր որդուն, ոգևորում հայրենիքը ճանաչելու և սիրելու նրա ազգակերտիչ ծրագրով, հորդորում կարդալ նաև Լեոի պատմագրության հատորները, խորապես ճանաչել հայ ժողովրդի պատմությունը:
Ապագա գիտնականը գյուղի դպրոցն ավարտելուց հետո մեկնում է բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Զորացրվելուց հետո վերադառնում է գյուղ, բայց ուսման ծարավը հագեցնելու նպատակով թողնում է գյուղը:
1961-ին ընդունվում և 1966-ին ավարտում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1968-ին աշխատանքի է ընդունվում համալսարանի հայ գրականության ամբիոնում` զուգահեռ սովորելով ասպիրանտուրայում: Այդ տարիներից նա ակտիվորեն մասնակցել է գրական կյանքին` հրապարակելով բազմաթիվ հոդվածներ` նվիրված գրականության հիմնախնդիրներին, գիտական նստաշրջաններում հանդես է եկել մեծարժեք զեկուցումներով, ապա ընթերցողների դատին հանձնել իր մենագրությունները և ժողովածուները:
Աղաբեկյանի գիտական հետաքրքրությունների մեջ առանցքային տեղ ունեն Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Հրանտ Մաթևոսյանը, Ակսել Բակունցը, Համո Սահյանը և Հակոբ Օշականը:
1972թ.-ին հեղինակեց Գուրգեն Մահարու ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված մենագրություն, որն էլ դարձավ գիտական թեզ, և նրան շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1994 թվականին «Արդի հայ արձակի զարգացման միտումները. 1960-80-ական թթ.» թեմայով պաշտպանեց դոկտորական ատենախոսություն` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1995 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում:
1971 թվականից Կ.Աղաբեկյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնում։ Շուրջ երկու տասնամյակ գիտամանկավարժական գործունեություն է ծավալել Գորիսի պետական համալսարանում, երկար տարիներ դասախոսել է Բեյրութի Հայկազյան համալսարանում: Այդ տարիների ուսումնասիրությունների ուշագրավ արդյունքը «Հակոբ Օշական. ստեղծագործական աշխարհի արահետներում» մենագրությունն է (2006թ.), որը նրա գիտական ուսումնասիրությունների բարձրակետն է: «Ազդակ» շաբաթաթերթին տված հարցազրույցում Աղաբեկյանը նշում է, որ ամբողջական հայ զգալու համար յուրաքանչյուր հայ մարդ սփյուռքի որևէ օջախ պետք է այցելի: Խոստովանում է, որ տարիներ առաջ Բեյրութ կատարած առաջին այցելության ժամանակ բախտ է ունեցել ծանոթանալու սփյուռքահայ մեծագույն գրող, գրաքննադատ Հակոբ Օշականի ստեղծագործություններին, որոնք ինքնաբավության մեծ զգացումներ են ներշնչել և մղել նրա մասին լայնակտավ ուսումնասիրություն գրելու:
1971 թվականից Կիմ Աղաբեկյանը ՀՀ Գրողների միության անդամ էր: Հեղինակել է հարյուրավոր հոդվածներ, ուսումնասիրություններ, մենագրություններ` նվիրված Հրանտ Մաթևոսյանին, Գուրգեն Մահարուն, Բաղիշ Հովսեփյանին, Մկրտիչ Սարգսյանին, Զորայր Խալափյանին և այլոց: Աղաբեկյանի գիտական հետաքրքրությունների ծիրում էր նաև արդի գրական ընթացքը: Նույն պատասխանատվությամբ էր նա գրում թե՛ հայ գրականության դասականների և թե՛ ժամանակակից գրողների մասին (Էդիկ Խաչիկյան, Վարդան Գրիգորյան և ուրիշներ): Աղաբեկյանի գիտական մեծարժեք ժառանգության մեջ մի առանձին շարք են կազմոււմ հայրենի եզերքի գրողներին` Ակսել Բակունցին, Սերո Խանզադյանին և այլոց նվիրված հոդվածները:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Աղաբեկյանի գիտամանկավարժական գործունեությունը: Նա մեծ խանդավառությամբ, միայն իրեն բնորոշ հրեղեն խոսքի ուժով է իր խոր ու բազմակողմանի գիտելիքները փոխանցել ուսանողությանը: Նրա գիտական ղեկավարությամբ շատերն են պաշտպանել թեկնածուական ատենախոսություններ, յուրացրել նրա գիտական աշխարհայացքի լավագույն գծերը:
Գորիսի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները Կ․Աղաբեկյանի պարբերական այցերին սպասում էին անհամբերությամբ: Նա գերում էր իր մարդկային անզուգական նկարագրով, ջերմ, սիրառատ, իմաստուն զրույցներով, հայ գրականության խորքային իմացությամբ հագեցած դասախոսություններով: Նա ուսանողին սովորեցրեց գրականության հայացքով նայել աշխարհին, տեսնել աննկատելին, գեղեցիկը, նրբագույնը, համազգալ կյանքի լուսանցքում հայտնված մարդու ողբերգությունը, սիրել մարդուն ու մարդկայինը: Աղաբեկյանը ոչ թե պարտադրում, ստիպում էր ընթերցել, այլ «խորապես խնդրում» էր։ Եթե որևէ ուսանող գիրք չէր կարդում, Աղաբեկյանը «զարմանալի զարմանքով» հարցնում էր` «Լավ, բա դու ինչո՞վ ես ապրում»:
Գնահատելով պրոֆեսոր Աղաբեկյանի վաստակը՝ հայրենի եզերքը նրան շնորհել է «Ակսել Բակունց» հուշամեդալ: Երկարամյա գիտական-մանկավարաժական գործունեության, հոգևոր արժեքներին անմնացորդ նվիրումի համար Կիմ Աղաբեկյանն արժանացել է նաև «Մովսես Խորենացու» մեդալի, ԵՊՀ «Ոսկե մեդալի», ՀՀ գրողների միության՝ «Գրական վաստակի համար» մեդալի:
Կիմ Աղաբեկյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Էլ չենք լսի նրա բարձրաթռիչք խոսքը: Նա այլևս իր հոգեկից Բակունցի, Մահարու, Չարենցի, Օշականի, Սահյանի հետ երկնային ոլորտներում կզրուցի մարդուն վեհացնող, բյուրեղացնող գրականության մասին։
Գորիսի պետական համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից խորին ցավակցություն ենք հայտնում մեծահարգ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր մերձավորներին:
Կիմ Աղաբեկյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

ՀԳ. Կիմ Աղաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 27-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում:

Facebook Comments