ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի աշխարհագրության և ֆիզիկայի ուսումնական լաբորատորիաները կրկին հյուրընկալել էին դպրոցականներին։ Այս անգամ համալսարան էին այցելել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7բ դասարանի աշակերտները՝ դասղեկ Մ. Պետրոսյանի և ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ս. Ավանեսյանի հետ:

Այցի շրջանակում ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հրայր Պետրոսյանն աշակերտների համար կազմակերպեց ինտեգրված դաս աշխարհագրության լաբորատորիայում, որը համալրված է «Աշխարհագրություն» առարկայի դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով՝ գլոբուսների, մագնիսական դաշտի չափման սարքի, թեոդոլիտի, հարթաչափի, աշխարհագրական ռելիեֆի մոդելի, հանքաքարերի ու ապարների ցուցանմուշների հավաքածուներով:

Հ. Պետրոսյանն ակտիվ հարցուպատասխանի միջոցով անդրադարձավ աշխարհագրական թաղանթի կառուցվածքին, աշխարհի բնական ռեսուրսների առկայությանն ու տեղաբաշխմանը, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին:

ԳՊՀ-ում աշակերտները շրջայց կատարեցին նաև ֆիզիկայի լաբորատորիայում, որտեղ լաբորատորիայի պատասխանատու Նոնա Ակունցի աջակցությամբ նրանք մեծ ոգևորությամբ ծանոթացան մի քանի հետաքրքրաշարժ փորձերի, որոնք առնչվում էին «Ֆիզիկա» առարկայի առանձնահատկություններին:

Աշակերտները և ուղեկցող ուսուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ԳՊՀ-ի դասախոսներին՝ նշելով, որ նման ճանաչողական այցերը շատ արդյունավետ են և ամրապնդում են իրենց տեսական ու պրակտիկ գիտելիքները բնագիտական առարկաներից:

Facebook Comments