ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 11-12-ը Գորիսի պետական համալսարանում ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին, որին առկա և հեռավար ձևաչափերով մասնակցում էին ՀՀ, ԱՀ և արտերկրի բուհերի, որոնց թվում՝ Գորիսի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, ՀայՌուսական համալսարանի, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի, Սորբոնի համալսարանի 100-ից ավելի մագիստրանտներ և բակալավրիատի ուսանողներ:
Միջոցառումը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ ծաղկեդրման արարողությամբ, այնուհետև տեղի ունեցավ գիտաժողովի բացման արարողությունը և լիագումար նիստը: ԳՊՀ ռեկտոր, կազմկոմիտեի նախագահ Արտուշ Ղուկասյանը, բացման խոսքում ողջունելով ուսանողներին, բուհերի ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնեց գիտաժողովի հանդեպ մեծ հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար: Նա նշեց, որ Գորիսի պետական համալսարանը մշտապես պատրաստակամ ու նախանձախնդիր է տարբեր ձևաչափերով, տարբեր հարթակներում զարգացնելու բուհերի հետ համագործակցային կապերը, նպաստելու ուսանողների ակտիվ փոխշփմանը, փորձի փոխանակմանը, գիտական հետաքրքրությունների ձևավորմանը: Ռեկտորը նաև անդրադարձավ Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակի՝ որպես նշանակալից իրադարձության խորհրդին ու պատմական բացառիկ նշանակությանը, այնուհետև ներկայացրեց օրակարգը և հաջող ընթացք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Սփյուռքի և հայ գաղթօջախների բաժնի վարիչ, ԳՊՀ պատմաիրավագիտության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը, ԳՊՀ պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, ՈՒԳԸ նախագահ Հարութ Դավթյանը: Նրանք նշեցին, որ գիտաժողովի կազմակերպումը այս դժվարին ժամանակներում նպատակ ունի նախ և առաջ ոգևորելու ուսանողությանը, բարձրացնելու ազգային ոգին, մղելու գիտական պրպտումների, ևս մեկ անգամ արժևորելու գիտելիքի կարևորությունը: Ողջույնի ու երախտագիտության խոսք ասացին նաև գիտաժողովին մասնակից բուհերի աշխատակիցները, ուսանողական գիտական ընկերությունների նախագահները: Բոլորն իրենց խոսքում կարևորեցին նման թեմայով գիտաժողովի կազմակերպումը և ուսանողական գիտական կառույցների միջև վերջին տարիներին ձևավորված, այժմ էլ արդյունավետ գործող համագործակցությունները:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Էմիլիա Խաչատրյանը՝ «Համազանգեզուրյան 2-րդ համագումարը և Լեռնահայաստանի հռչակումը» թեմայով (գիտական ղեկավար՝ պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան), Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության  2-րդ կուրսի ուսանող Նարեկ Արզումանյանը՝ «Գարեգին Նժդեհի գրական կերպավորման առաջին փորձը Սերո Խանզադյանի համանուն վեպում» թեմայով (գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարության), համատեղ զեկույցով՝ Գավառի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Պետրոսյանն ու Մերի Կարապետյանը՝ «Խորհրդային իշխանությունը և Լեռնահայաստանը» թեմայով:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին  հինգ մասնախմբերում` «Պատմություն և իրավագիտություն», «Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն», «Տնտեսագիտություն,աշխարհագրություն, տուրիզմ», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Բանասիրություն»: Յուրաքանչյուր բաժանմունքում գործում էր նաև առցանց մասնակցության ZOOM հարթակ, որի միջոցով նիստերի ընթացքին հետևեցին և զեկուցումով հանդես եկան նաև գիտաժողովին հեռավար ձևաչափով մասնակցելու հայտ ներկայացրած ուսանողները:
Նիստերն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, ելույթներով:
Գիտաժողովի առաջին օրվա ավարտին ամփոփվեցին արդյունքները: Մասնախմբերի նախագահողները ամփոփ տեղեկատվություն ներկայացրին մասնախմբային աշխատանքների մասին, նշեցին, որ զեկուցումները ընդհանուր առմամբ հատկանշելի էին արդիականությամբ, գիտական նորույթներով, ինչը վկայում է ուսանողների հետազոտական հետաքրքրությունների առկայության և նպատակադիր ուղղորդման մասին:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը, ամփոփելով գիտական նստաշրջանը, ողջերթի խոսք հղեց ուսանողներին և նրանց հանձնեց մասնակցության հավաստագրեր:
Բովանդակալից օրվա ավարտին հյուրերը շրջայց կատարեցին Գորիսում, ծանոթացան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան, որտեղ կազմակերպվել էր արխիվային բացառիկ փաստաթղթերի ցուցադրություն՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին:
Մայիսի 12-ին շարունակվեցին պատմաճանաչողական շրջայցերը: Գիտաժողովի մասնակիցները եղան Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում, Տաթևի վանական համալիրում, որով և ամբողջացավ Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին նվիրված գիտաժողովի խորհուրդը:

















































Facebook Comments