ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունվարի 17-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ՌԴ Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի տնօրեն, ս.գ.թ. Անդրեյ Վլադիմիրի Բեդրիկին, հայագիտական կենտրոնի ղեկավար, Դոնի Ռոստովի հայկական համայնքի գործադիր տնօրեն, պ.գ.թ. Սերգեյ Սայադովին և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանին:

ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը ողջունեց հյուրերին և նշեց. «Գորիսի պետական համալսարանն իր մասնագիտական կրթական ծրագրերի և մատուցած ծառայությունների շնորհիվ հանդիսանում է տարածաշրջանի կրթության, մշակույթի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը նպաստող ուսումնագիտական կենտրոն: Կրթական գործունեությանը զուգահեռ համալսարանում իրականացվում են նաև հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ: Վերջին տասնամյակում համալսարանի հետազոտական ոլորտի գերակայություններից մեկը հանդիսանում է հայագիտությունը, և անչափ կարևորում եմ այս ոլորտում արձանագրած մեր հաջողությունները: Համալսարանը միջազգային համագործակցության շրջանակներում նույնպես հանդես է գալիս նոր գաղափարներով ու ծրագրերով՝ ընդլայնելով գործընկերային կապերը: Այս առումով մենք պատրաստակամ ենք և ուրախ կլինենք Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի և հայագիտական կենտրոնի հետ համագործակցություն ծավալել և համատեղ նախագծեր իրականացնել»:

Ա. Բեդրիկը և Ս. Սայադովը ներկայացրեցին ՌԴ Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտում գործող հայագիտական և կովկասագիտական մասնագիտությունները, հայագիտական կենտրոնի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը:

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը շեշտեց, որ համագործակցության շրջանակներում հնարավորություն կստեղծվի գիտաժողովների, աշխատաժողովների, ամառային դպրոցների մասնակցության, ինչպես նաև հայագիտական ուղղվածությամբ հոդվածների տպագրության համար:

Հանդիպման ավարտին ԳՊՀ ռեկտոր Վանդունցը Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի հայագիտական կենտրոնին տրամադրեց տարբեր ժամանակներում հրատարակված «Սյունիք» հայագիտական հանդեսի մի քանի համարներ: Գորիսի պետական համալսարանի գրադարանի գրքաֆոնդը համալրվեց նաև արժեքավոր գրքերով, որոնք նվիրաբերվեցին Ա. Բեդրիկի կողմից:

Facebook Comments