ՀԱԱՀ ՌԵԿՏՈՐ ՎԱՐԴԱՆ ՈՒՌՈՒՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Գորիսի պետական համալսարանի

հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ

Պատիվ ունեմ ձեզ բոլորիդ ողջունելու համալսարանի 55-ամյա հոբելյանի առթիվ:

Սա պատկառելի պատմություն է՝ լի վերելքներով ու մարտահրավերներով, որ բնորոշ է եղել հայաստանյան ամբողջ կրթական համակարգին և, առհասարակ, մեր պատմությանը:

1960-ական թվականներին Գորիսի պետական համալսարանի ծնունդը պայմանավորված էր սյունեցի երիտասարդներին տեղում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տալու հրատապ անհրաժեշտությամբ: Եվ այս տասնամյակների ընթացքում համալսարանը պատվով ու մասնագիտական մեծ պատասխանատվությամբ է կատարել իր առաքելությունը:

Այսօր Սյունյաց աշխարհը և ամբողջ Հայաստանը հայտնվել են պատմական զարգացման հերթական թնջուկում: Ես կասկած չունեմ, որ մենք արժանապատվորեն կհաղթահարենք այս դժվարին հանգրվանը ևս: Նաև կասկած չունեմ, որ դժվարությունները հաղթահարելու, մեր թշնամիներին հաղթելու և խաղաղ ու ստեղծագործ զարգացման բնականոն ճանապարհ ենք վերադառնալու կրթության, գիտության և նորարար տեխնոլոգիաների միջոցով: Այս առումով, մասնավորապես Գորիսի պետական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը զարգացման նոր ուղի են ոտք դրել՝ զինվելով արդիական կրթության, գիտության ու տեխնոլոգիաների անվրեպ զենքերով:

Ագրարային համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ բարեկամ ու գործընկեր համալսարանի՝ Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ երիտասարդ, առաջադեմ, նորարար ռեկտոր, Ագրարային համալսարանի մեծ ընտանիքի անդամ Տիգրան Վանդունցի գլխավորությամբ, ուսանողներին, բոլոր տարիների շրջանավարտներին՝ գեղեցիկ հոբելյանի առթիվ, և մաղթում խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և նոր հաջողություններ՝ հանուն Սյունիքի և Հայաստանի բաղձալի ապագայի:

Ագրարային համալսարանը պատրաստ է ըստ ամենայնի սատարել ու գործակցել բարեկամ համալսարանի հետ՝ հանուն մեր ընդհանուր ազգային-պետական շահերի, ազգային բարձր արժեքների և մեր նոր սերնդի անվտանգության ու լուսավոր ապագայի:

Վարդան Ուռուտյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Facebook Comments