ԷՐԱԶՄՈՒՍ+ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հարգելի՛ համալսարանականներ, ամփոփվել են Էրազմուս+ ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում Կարողությունների զարգացման գործողության վերջին առաջարկների մրցույթի արդյունքները։ Ներկայացված 1032 ծրագրային առաջարկից ֆինանսավորման համար ընտրվել է 164 հայտ:
Սիրով հայտնում ենք, որ մրցույթում հաղթած ծրագրերից երկուսում՝ “Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Field, Sustainability and Internationalization”-ում (SMARTI) և “Capacity Building in Sustainability for Architectural Heritage” -ում (SAH), ընդգրկվել է նաև Գորիսի պետական համալսարանը՝ որպես կոնսորցիումի անդամ: Շնորհավորում ենք բոլորիս և մաղթում ծրագրերի արդյունավոր իրականացում:

Ստորև ներկայացված են վերոնշյալ ծրագրերի համառոտ նկարագրերը։

  1. Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Field, Sustainability and Internationalization (SMARTI)

SMARTI ծրագրի համակարգողն է Դրեզդենի տեխնիկական համալսարանը (Գերմանիա)։ Գործընկեր երկրներն են Հայաստանը (Հայաստանի Հանրապետության պետական ​​կառավարման ակադեմիա, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական ​​համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ, Գորիսի պետական ​​համալսարան, «Մասնագիտական ​​կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ) և Ռուսաստանը (Մորդովիայի Ն. Պ. Օգարևի անվան պետական համալսարան, Իրկուտսկի ազգային գիտատեխնիկական համալսարան, Կազանի դաշնային համալսարան, Պետրոզավոդսկի պետական ​​համալսարան, «Ռուսական ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիա), իսկ ծրագրային երկրները՝ Միացյալ Թագավորությունը (Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարան), Պորտուգալիան (Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան), Լատվիան (Ռիգայի տեխնիկական համալսարան) և Գերմանիան (Դրեզդենի տեխնիկական համալսարան)։
Ծրագիրը նպատակն է մշակել Բոլոնիայի չափանիշներին համահունչ թափանցիկ, ազգային և միջազգային կրթական չափորոշիչներ և դասավանդման ու ուսումնառության համադրելի գործիքներ, բարձրացնել ծրագրի գործընկեր երկրներում կրթության ​​բովանդակության, անձնակազմի և ուսանողների մասնագիտական որակները վերապատրաստման ուսումնական կայուն ծրագրերի մշակման միջոցով, աջակցություն ցուցաբերել ԵՄ մասնակից և ծրագրի գործընկեր երկրների ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը, դասավանդողների և ուսանողների շարժունությանն ու փոխանակմանը:
Հայաստանում նախագիծը նպատակ ունի նաև օգնել գործընկերներին համապատասխանել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին՝
– EMI (Անգլերենը դասավանդման միջոց) ծրագրերի ներդրմամբ բարձրացնել աշխատաշուկայում ուսանողների պահանջարկը,
– հայկական բարձրագույն կրթությունը դարձնել եվրոպական կրթական տարածաշրջանի (EHEA) համար ամբողջովին ճանաչելի,
– բարելավել կրթության որակը և մատչելիությունը EMI նորացված բովանդակության ու մեթոդների միջոցով՝ աջակցելով բուհերին և կրթության միջազգայնացմանը:

  1. Capacity Building in Sustainability for Architectural Heritage (SAH)

SAH ծրագրի համակարգողն է Լ’Աքվիլայի համալսարանը (Իտալիա)։ Գործընկեր երկրներն են Հայաստանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Գորիսի պետական համալսարան, Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ), Ռուսաստանը (Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարան, Կազանի ճարտարապետության և ճարտարագիտության պետական համալսարան, Մ. Վ. Լոմոնոսովի անվան հյուսիսային (արկտիկական) դաշնային համալսարան, Սամարայի պետական տեխնիկական համալսարան) և Իրանը (Թեհրանի համալսարան, Թավրիզի իսլամական արվեստի համալսարան), իսկ ծրագրային երկրներից՝ Միացյալ Թագավորությունը (Շինարարական արհեստների քոլեջ), Իտալիան (Լ’Աքվիլայի համալսարան), Հունաստանը (Աթենքի ազգային տեխնիկական համալսարան) և Գերմանիան (Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան | ՌՖՏՀ Աախենի համալսարանի ճրտարապետության ֆակուլտետ)։
Այն  նպատակ ունի Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանում և Իրանում թարմացնել և բարելավել ճարտարապետական ժառանգության (պատմական կառույցների ինֆորմացիոն մոդելավորում (BIM) և քաղաքային պատմական տարածություններ) կայունության ոլորտում ուսումնական պլանների որակը` համաշխարհային շուկայի կայուն զարգացման կարիքները բավարարելու համար:

Ծրագրի ենթանպատակներն են՝

  • ճարտարապետական ժառանգության կայունության համար միջառարկայական նոր մոդելի և ԵՄ լավագույն փորձին համապատասխան ճարտարապետական ինժեներության՝ գործնական ուղղվածություն ունեցող բակալավրիական ու մագիստրոսական կրթական ծրագրերի մշակում ու փորձարկում`շրջակա միջավայրի փոփոխությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և դրանց արձագանքելու նպատակով,
  • կրթության, գիտության, արտադրության և իշխանությունների փոխգործակցության հարթակի ստեղծում՝ ճարտարապետական ինժեներության և վերականգնման ոլորտում կայուն հասարակության կարիքները բավարարող անձանց ժամանակակից մասնագիտական կարողությունների ձևավորման համար:

Ծրագրերի մասին այլ մանրամասները՝ առաջիկայում:

Facebook Comments