«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Մարտի 31-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» միջոցառումը, որի շրջանակներում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ Գորիս քաղաքի 2 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 11 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ:
Միջոցառումը, որի նպատակն էր խթանել ինտելեկտուալ շարժման տարածումը դպրոցներում, սերտացնել աշակերտների և ուսանողների միջև շփումն ու համագործակցությունը, ինչպես նաև նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, կազմակերպել էր Գորիսի պետական համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժինը՝ բուհի ուսանողական կառույցների հետ համագործակցությամբ:
Մինչ խաղ-մրցույթի սկսվելը աշակերտական ինտելեկտուալ թիմերը ուսանողների ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան համալսարանի ենթակառույցներին, մասնագիտական լսարան-կաբինետներին, գրադարանին, էլեկտրոնային լսարաններին, ուսումնական լաբորատորիաներին: Շրջայցի ընթացքում աշակերտական ինտելեկտուալ թիմերը հյուրասիրվեցին ուսանողական սննդով:
«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր, տ․գ․թ., դոցենտ Տիգրան Վանդունցը, խաղի մրցութային հանձնաժողովի նախագահ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գորիսի թիմի լավագույն գիտակ, ԳՊՀ դասախոս Նարեկ Մնացականյանը, ուսանողական խորհրդի նախագահ Կարինե Գրիգորյանը։ Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ Անի Գալստյանը աշակերտներին ներկայացրեց ԳՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ուսման վարձավճարները և ընդունելության քննությունները:
Դպրոցականների համար անչափ հետաքրքիր և բովանդակալից ինտելեկտուալ խաղն անցավ հաճելի մթնոլորտում։ Մրցույթի անցկացման հսկողությունն իրականացնում էր մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին բուհի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը և ՈՒԳԸ նախագահ Հայկուհի Արզանյանը:
Խաղ-մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում մրցանակային 1-ին տեղ գրաված թիմին (Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց) հանձնվեց «ԳՊՀ ռեկտորի գավաթ–2023» մրցանակը և համապատասխան հավաստագիր, իսկ մյուս թիմերը ստացան մասնակցության շնորհակալագրեր:
«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» խաղ-մրցույթի լավագույն թիմի դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ռեկտոր Տիգրան Վանդունցը, Գորիսի գրախանութի տնօրեն Վահագն Կարապետյանը և ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը։ Մրցութային հանձնաժողովի նախագահ Նարեկ Մնացականյանի կողմից գիրք նվեր ստացավ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտ Գոռ Դավթյանը՝ որպես խաղի հետաքրքիր հարցերից մեկին ճիշտ պատասխանած միակ մասնակից։
Facebook Comments