ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 3-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված <<Գիտելիքի դուռ>> կարգախոսով միջոցառումների համալիր շարք:

Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` կարևորելով Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված համալիր միջոցառումները, օրվա խորհուրդն ու իրազեկվածության դերը գրադարանային գործի ճիշտ կազմակերպման բնագավառում:

Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, կատարված աշխատանքների, կատարման ժամանակացույցի, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստումների, տեսանելի արդյունքների, գրադարանային արդիականացմանն ուղղված ծրագրային քայլերի ու գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված ծրագրի մասին զեկուցեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը:

ԳՊՀ գրադարանի գործունեության, վերոնշյալ ծրագրին բաժնի մասնակցության, երկկողմանի հանդիպումների, քննարկումների, դասընթացների, ծրագրի շրջանակներում գրադարանի աշխատակիցների վերապատրաստման, գործընկեր համալսարանների գրադարանների աշխատանքներին ծանոթացման, փորձի փոխանակման, վերանորոգված ընթերցասրահի ու թվայնացման գործընթաց սկսելու նախապատրաստական աշխատանքների մասին ներկայացրեց ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն.Շալունցը:

<<Աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաարտասովոր գրադարանները>>թեմայով գիտելիքաշատ, հետաքրքիր ու բազմաբովանդակ զեկույցով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԳՊՀ ՀՀՄ ֆակուլտետի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ս.Ալավերդյանը:

Միջոցառումների առաջին փուլն ամփոփվեց ԳՊՀ  ներկայացուցչական կազմի, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչների, գրադարանների աշխատակիցների ակտիվ քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ ու հետաքրքիր առաջարկներով:

Այնուհետև մասնակիցներն այցելեցին ԳՊՀ գրադարան, ծանոթացան արդիականացված ընթերցասրահին, մասնակցեցին գրադարանային բաժնի կողմից կազմակերպված <<Հնագույն գրադարաններ և հայկական առաջին տպագիր գրքերը, ինչպես նաև Հ.Շիրազի կյանքն ու գործը>>թեմայով գրական-մշակութային ցերեկույթին:

Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված <<Գիտելիքի դուռ>>միջոցառումների շարքը եզրափակվեց համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնած ֆլեշմոբով, որի նպատակն էր հանրությանը իրազեկել գրադարանային օրվա մասին:

events-devot-1
events-devot-2
events-devot-3
events-devot-4
events-devot-5
events-devot-6
events-devot-7
events-devot-8
events-devot-9
events-devot-10
events-devot-11

Facebook Comments