ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ, հարգարժա՛ն դասախոսներ, կրթության գործի նվիրյալներ

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Ինչպես նախորդ ուսումնական տարին, այս տարին ևս համաճարակային և պատերազմական իրավիճակներով պայմանավորված` բեկումնային էր ինչպես բոլոր ոլորտների, այնպես էլ կրթության և գիտության բնագավառի համար: Կանխատեսելի և անսպասելի մարտահրավերները շատ էին, որոնք վեր հանեցին օրախնդիր լուծումներ պահանջող հարցեր, առաջ բերեցին աշխատանքային նոր իրավիճակներ, որոնք կրկին փորձեցինք հաղթահարել բարձր գիտակցականությամբ օժտված մեր սիրելի ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչների մեծ ջանքերի և վերանորոգ հավատի շնորհիվ:
Ցավոք անցած ուսումնական տարում Արցախյան վերջին պատերազմին Գորիսի պետական համալսարանը ևս ունեցավ անդառնալի կորուստներ՝ գերեվարված ուսանողների ու շրջանավարտների շրջանում: Նաև ռազմի դաշտում սխրանքներ կերտած ուսանողներ, որոնք մեր պարծանքն են:
Կյանքից անժամանակ հեռացան համալսարանի երախտավորները՝ վաստակաշատ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ Ռազմիկ Վարդանյանը, Աշոտ Մարտիրոսյանը, Կիմ Աղաբեկյանը, Սերգեյ Հախվերդյանը, Համլետ Գևորգյանը: Անուրանալի է նրանց ավանդը ԳՊՀ-ի զարգացման ու կայացման գործում:
Խորապես երախտապարտ ենք բոլորին՝ ամենայն պատասխանատվությամբ ընդունելով մեր  պարտավորվածությունը պատմության, հայրենիքի, մեր հազարավոր սրբադասված Հերոսների առջև:
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ, քանզի տոնն ամբողջանում է ձեզանով: Դուք մեր ապավենն ու հայրենաշինության գրավականն եք: Ընտրելով Սյունիքի մայր բուհում կրթություն ստանալու և հետագայում մարզի աշխատաշուկան համալրելու պատասխանատու առաքելությունը՝ դուք ձեր հայրենանվիրումի գործնական քայլերն եք իրականացնում, որոնց իրագործման ճանապարհին բուհը մշտապես ձեր կողքին կլինի՝ պատրաստակամ տալու առավելագույնը:
Կրկին շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, ուսանողական բովանդակալից տարիներ, աշխատասիրություն՝ ինքնազարգացման և նոր ուսումնական տարում ձեռքբերումների ավելացման ուղղությամբ, բարձր պատասխանատվություն և սկզբունքայնություն՝ հանուն մեր երկրի անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Facebook Comments