ԳՊՀ-Ի ՌԵԿՏՈՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 6-ին ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձավ հեռավար ուսուցման ընթացքին,  ամփոփիչ ատեստավորման կազմակերպման, 2020-2021 ուստարվա ընդունելության, ուսման վարձավճարների գանձման և ուսումնակրթական խնդիրներին վերաբերող հրատապ մի շարք հարցերի:
Պրոռեկտոր Թ.Մարությանն ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ԳՊՀ ավարտական կուրսերի 2019-2020 ուտարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին, ամբիոններում տարվող ամփոփիչ ատեսատավորման նախապատրաստական աշխատանքների, նախապաշտպանությունների ընթացքի, մյուս ակադեմիական խմբերում առցանց դասապրոցեսի ընթացքի, 2-րդ կիսամյակի քննաշրջանի հեռավար կազմակերպման հետ կապված հնարավոր խնդիրների և հրատապ անելիքների մասին:
Վերոնշյալ հարցերի շուրջ ընթացել և այժմ էլ ընթանում են քննարկումներ, եղել են առաջարկություններ ստորաբաժանումների կողմից: Կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Գ.Շաբունցը տեղեկատվություն ներկայացրեց ապրիլի 30-ին ՈԱԱԿ-ի կողմից ԳՊՀ-ում իրականացված առցանց  մշտադիտարկման վերաբերյալ՝ նշելով, որ արտակարգ իրավիճակում բուհում կազմակերպվող առցանց ուսումնական գործընթացը նույնպես ՈԱԱԿ-ի ուշադրության կենտրոնում է, հավատարմագրման ժամանակ ԳՊՀ-ն նաև պետք է  ցույց տա ռիսկերի կառավարման իր մոտեցումները։ Կարևոր է, որ  բուհն այս ընթացքում իրականացված կրթական գործընթացների և դրանց արդյունքների մասին ամբողջական տվյալներ ունենա, վերլուծի և դուրս բերի հաջողված փորձը, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ պլանավորված քայլեր ձեռնարկի։ Ռիսկերի կառավարման կարողությունները և արձանագրված արդյունքները ԳՊՀ-ն կկարողանա ի ցույց դնել հավատարմագրման ընթացքում։
Ռեկտոր Ա. Ղուկասյանը աշխատանքների պատշաճ կատարման նպատակով հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ կապված ավարտական խմբերում լուծարքի շրջան սահմանելու, ամփոփիչ ատեստավորման առցանց գործընթացի պատշաճ կազմակերպման համար էլեկտրոնային ձևաչափի մշակման, հանձնաժողովների ձևավորման,  վարձավճարների գանձնման և այլ հարցերի վերաբերյալ: Ըստ ռեկտորի՝ բուհերի համար սա ևս ռիսկային իրավիճակ է, որի արդյունավետ կառավարումը ի ցույց կդնի ԳՊՀ-ի կարողությունները, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել որակի ապահովման գործընթացներին և խնդիրների ուսանողակենտրոն լուծմանը:
Քննարկված հարցերի վերաբերյալ առաջիկայում կլինեն որոշումներ:



Facebook Comments