ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑ

2020թ. փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում ԳՊՀ ուսանողական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստն էր, որի օրակարգում Ուսանողական խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Նոր նախագահի և նախագահության կազմի ընտրության հարցը օրախնդիր էր ԳՊՀ-ի ուսանողական գլխավոր կառույցի և բուհի համար, քանի որ արդեն մեկ տարի է, ինչ ԳՊՀ ուսանողական խորհուրդը չի իրականացնում ԳՊՀ կանոնադրությամբ և ԳՊՀ ուսանողական խորհրդի կանոնակարգով սահմանված լիազորությունները:
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կանոնակարգի 4.3.1 կետի համաձայն`(Խորհրդի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Նախագահության որոշմամբ` ժողովներից պարբերաբար բացակայելու, Խորհրդի աշխատանքից խուսափելու, որոշումները չկատարելու, կարգապահական խախտումների և Համալսարանի կանոնադրությամբ սահմանված ուսանողի պարտականությունները չկատարելու դեպքում) ուսանողական խորհրդի անդամները որոշեցին վաղաժամկետ դադարեցնել ԳՊՀ ուսանողական խորհրդի նախորդ նախագահի և նախագահության լիազորություններն ու կազմակերպել նոր ընտրություն:
Նիստի անդամները ԳՊՀ երեք ֆակուլտետից առաջադրեցին մեկական թեկնածուների` հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սաիդա Օհանջանյանին, ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի «Էլեկտրոնիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գրիգոր Մաշուրյանին և բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կերպարվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Արզումանյանին, որոնք նախքան քվեարկությունը ներկայացրեցին ՈՒԽ-ի գործունեության զարգացման իրենց տեսլականները, ինչպես նաև պատասխանեցին ուսանողների կողմից իրենց ուղղված ուսանողական առօրյայի արդյունավետ կազմակերպման, բուհական գործընթացներում ուսանողների մասնակցութան ակտիվացման, այլ բուհերի ուսանողական կառույցների հետ համագործակցային կապերի ձևավորման վերաբերյալ հարցերին:
ՈՒԽ ժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց «Էլեկտրոնիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գրիգոր Մաշուրյանը, փոխնախագահ` «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սաիդա Օհանջանյանը:
Նորընտիր նախագահի առաջարկությամբ ուսանողական խորհրդի քարտուղար ընտրվեց «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Միրաքյանը:
Նիստի ավարտին ՈՒԽ նախագահը շնորհակալություն հայտնեց ուսանողներին վստահության համար` խոստանալով իր կարողությունները ներդնել կառույցի հետագա ձեքբերումների և հաջողությունների համար: Նա նաև նշեց, որ ԳՊՀ ուսանողական խորհուրդն առաջիկայում  պետք է ջանքեր գործադրի` ձևավորելու միջբուհական և միջազգային ուսանողական համագործակցություններ:











Facebook Comments