ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հուլիսի 4-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը:  Գիտական խորհրդի կազմը ի պաշտոնե համալրեց համալսարանի նորանշանակ իրավախորհրդատու Արկադի Հովհաննիսյանը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ-ի 2018-2019 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննաշրջանի արդյունքներին, մի շարք կանոնակարգերի նախագծերի քննարկմանն ու հաստատմանը, ուսումնական պլանների փոփոխություններին, տպագրության երաշխավորման և ընթացիկ մի շարք հարցերի:
Ուսումնական մասի վարիչ Վ.Դանիելյանը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ԳՊՀ 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննաշրջանի վերաբերյալ՝ անդրադառնալով ԳՊՀ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի, ճարտարագիտության և տնտեսագիտության, բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետների՝ 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննաշրջանի վերաբերյալ: ԳՊՀ-ի 2018-2019 ուստարվա ավարտական խմբերի ամփոփիչ ատեստավորման քննաշրջանն անցկացվել է մայիսի 17-ից 30-ը: Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել և ավարտական աշխատանքներ ու մագիստրոսական թեզ է պաշտպանել բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող 354 շրջանավարտ: Քննության արդյունքները հանձնաժողովներին բերել են այն համոզման, որ ուսանողների մասնագիտական գիտելիքները բավարարում են պահանջվող չափորոշիչներին: Ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունները նույնպես անցել են գործող քննակարգին համապատասխան:  Այս տարի գերազանցության դիպլոմ կստանա համալսարանի 31 շրջանավարտ: Եղել են նաև ամփոփիչ ատեստավորումից անբավարար ստացող, ինչպես նաև ակադեմիական առաջադիմության ու ֆինանսական պարտքերի պատճառով նախքան ատեստավորումը համալսարանից հեռացված ուսանողներ: Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն, հանձնարարվեց ֆակուլտետների ղեկավարներին՝ 2018-2019 ուստարվա արդյունարար պատկերի հիման վրա կատարել վերլուծություն՝ վեր հանելով առկա խնդիրները և քայլեր ձեռնարկել ուսումնական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ:
Գիտական խորհրդում քննարկվեցին նաև ԳՊՀ ստորաբաժանումների վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց թվում՝  Գորիսի պետական համալսարանի տնտեսական գործունեության կազմակերպման բաժնի կանոնակարգը, ուսումնական մասի կանոնակարգը, ԳՊՀ ամբիոնի օրինակելի կանոնակարգը, ինչպես նաև ԳՊՀ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգի և «Դեպի կարիերա» ուսանողի ուղեցույցի նախագծերը: Համապատասխան հանձնաժողովային քննարկումներից, գիտական խորհրդի անդամների առաջարկած փոփոխություններից ու լրամշակումներից հետո փաստաթղթերը հավանության արժանացան և հաստատվեցին գիտական խորհրդում:
ԳՊՀ ստորաբաժանումներն ուսումնական մասի հանձնարարությամբ վերանայել էին բակալավրի կրթական ծրագրով գործող մասնագիտությունների ուսումնական պլանները՝ գիտական խորհրդի քննարկմանը ներկայացնելով որոշ օրախնդիր փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում էին կամընտրական դասընթացներին՝ ուղղված կրթական ծրագրերի վերջնարդյունքներով սահմանված կոմպետենցիաների խորացմանը և ընդլայնմանը, ինչպես նաև լրացուցիչ կոմպետենցիաների ձեռքբերմանը: Համալսարանի՝ կամընտրական դասընթացների իրականացման հետ կապված խնդիրների կանոնակարգումը պայմանավորված է դասախոսակենտրոնից դեպի ուսանողակենտրոն ուսուցման անցման առաջնահերթությամբ և համալսարանի կրթական միջավայրի բարելավման անհրաժեշտությամբ՝ համաձայն Բոլոնյան գործընթացի հիմնական սկզբունքների: Անհրաժեշտ է ամեն կերպ նպաստել ուսանողների անհատական կրթական հետագծի ձևավորմանը՝ հաշվի առնելով նրանց ընդունակություններն ու հակումները:
Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունները:
Գիտական խորհրդում քննարկվեցին նաև տպագրության երաշխավորման հարցեր: Գիտական, մրցութային և ուսումնամեթոդական հարցերի համակարգման հանձնաժողովը դրական եզրակացությամբ գիտական խորհրդի քննարկմանն էր ներկայացրել Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանի «Հայ բարբառագիտություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը երաշխավորվեց տպագրության՝ անհրաժեշտ խմբագրական վերանայումներից հետո: Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Գայանե Հայրապետյանի «Դեռահասության տարիքի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը փաստաթղթային անճշտությունների պատճառով գիտական խորհրդին առընթեր գործող հանձնաժողովը վերադարձրեց համապատասխան ամբիոն՝ կրկնակի քննարկման և համապատասխան մասնագիտական կարծիքի ձևավորման համար:
Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին 2019-2020 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության կազմակերպմանն ու հայտարարվելիք մասնագիտություններին/զեկ.Վ.Դանիելյան/, հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ ԳՊՀ-ում կազմակերպված հանրապետական գիտաժողովին/զեկ.Թ.Մարության/, ԳՊՀ-ի 2020թ. հավատարմագրման գործընթացին և առաջիկա անելիքներին/զեկ. Ս.Հայրապետյյան/, միջազգային ծրագրերի իրականացման ներկա ընթացքին /զեկ.Ն.Սաֆարյան/ և այլն:
Հարցերից գլխավորը վերաբերում էր համալսարանի համար օրախնդիր հարցի քննարկմանը՝ կապված գիտության և կրթական տեխնոլոգիաների բաժնի ստեղծման հետ, ինչը բխում է ԳՊՀ հավատարմանգրման պահանջներից և համալսարանի ռազմավարական զարգացման գերակայություններից: Ռեկտոր Ղուկասյանն առաջարկեց ստեղծել գիտական հարցերով և կրթական տեխնոլոգիաներով զբաղվող առանձին ստորաբաժանում, որը հավանության արժանացավ գիտական խորհրդի կողմից:
Ռեկտորը, ելնելով իր կանոնադրական լիազորություններից, գիտական խորհրդում հայտարարեց, որ գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանի վրա է դնում նաև համալսարանի պրոռեկտորի պարտականությունները՝ համալսարանի ուսումնական գործունեությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Facebook Comments