ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ: Ռեկտորը ներկայացրեց օրակարգը և առաջարկեց հաստատել այն:

Օրակարգի առաջին հարցով լսվեց տեղեկատվություն 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին, որը ներկայացրեց ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանը: Այն ընդունվեց ի գիտություն՝ համապատասխան հանձարարականներով:

Երկրորդ հարցը վերաբերում էր ԳՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես գործող երկու ֆակուլտետների վերակազմակերպմանը՝ հաշվի առնելով ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու ռազմավարական կառավարման ապահովման առաջնահերթությունը, ինչպես նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը: Ռեկտոր Վանդունցը համապատասխան հիմնավորմամբ գիտական խորհրդին առաջարկեց վերակազմակերպել ֆակուլտետները բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների՝ նոր կառուցվածքով ու համապատասխան մասնագիտություններով: Առաջին ֆակուլտետի կազմում կգործի երեք ամբիոն՝ մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների,  քիմիայի և կենսաբանության, տնտեսագիտության և կառավարման, իսկ երկրորդում կգործեն բանասիրության և պատմաիրավագիտության, օտար լեզուների, ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնները՝ համապատասխան մասնագիտություններով: Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:

Օրակարգի երրորդ հարցով քննարկվեցին կանոնակարգային հարցեր: ԳՊՀ իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց գործող երկու ներքին իրավական ակտերում առաջարկվող փոփոխությունները, այն է՝ ԳՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը և ԳՊՀ ներքին կարգապահական կանոնները՝ նոր խմբագրությամբ: Նա նշեց, որ գիտական խորհրդին առընթեր գործող կառուցվածքային ու կանոնադրական փոփոխությունների համակարգման հանձնաժողովը մանրամասն քննարկել է գործող փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունների նախագծերը, որոնք համապատասխանեցվել են ԳՊՀ կանոնադրության և այլ իրավական ակտերի պահանջներին: Քննարկումներից ու դիտարկումներից հետո գիտական խորհուրդը հաստատեց ԳՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը և ԳՊՀ ներքին կարգապահական կանոնները՝ նոր խմբագրությամբ:

Գիտական խորհրդում քննարկման էր դրված նաև ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիական գիտությունների ամբիոնի ասիստենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Անուշ Դավթյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը, որի մասին զեկուցեց գիտական քարտուղար Թ.Մարությանը: Նա նշեց, որ ՀՀ-ում գիտամանկարվարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի դրույթներին համապատասխան՝ Անուշ Դավթյանը ԳՊՀ-ում ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժ, վերջին երեք տարվա ընթացքում բուհում իրականացրել է մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառույմ ունի առնվազն երեք հրատարակված գիտական(գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանք: Հետևաբար գիտական խորհուրդը կարող է նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և սահմանված կարգով գործը ներկայացնել ՀՀ ԲՈԿ: Փակ(գաղտնի) քվերակության արդյունքներով (18՝ կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0) գիտական խորհուրդը ֆիզմաթ գ.թ. Անուշ Դավթյանին շնորհեց դոցենտի գիտական կոչում:

Օրակարգային էր նաև ԳՊՀ ուսումնական մի քանի պլաններում մասնակի փոփոխություններ անելու հարցը՝ համապատասխան հիմքերով ու եզրակացություններով:

Գիտական խորհրդում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնց շրջանակում ռեկտոր Վանդունցը տեղեկատվություն ներկայացրեց առկա կրթաձևի ընդունելության արդյունքների, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին նվիրված <<Սյունիքը կրթության և մշակույթի օջախ>> խորագրով հանրապետական գիտաժողովի կազմակերպման մասին, որը նախատեսվում է հոկտեմբերին: Ընթացիկ հարցերի շրջանակում տրվեցին հանձնարարականներ՝ ուսումնական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:

Facebook Comments