Գորիսի պետական համալսարանը տարածք ստացավ՝ լսարանների և հանրակացարանի համար

«Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»-ից հետ կվերցվի 988 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույք և հողամաս Գորիս քաղաքի Արզումանյան փողոց 6 հասցեում գտնվող շենք-շինություններից և կամրացվի «Գորիսի պետական համալսարան»-ին։
Այդ տարածքում համալսարանը հնարավորություն կունենա ընդլայնել լսարանային ֆոնդը և ստեղծել հանրակացարանային պայմաններ՝ ինչպես սովորողների, այնպես էլ հրավիրված մասնագետների համար:
Բացի այդ, համալսարանի հատուկ մանկավարժության մասնագիտական ստորաբաժանման մասնագետներն այդ տարածքում գործող «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին կցուցաբերեն մասնագիտական օժանդակություն և կնպաստեն կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:
Կառավարության հաղորդմամբ՝ խորհրդային տարիներից համալսարանին ժառանգություն մնացած հանրակացարանի 85 սենյակների մեծ մասը և դասախոսների ժամանակավոր կացարանները տարբեր ժամանակներում անհասկանալի պատճառներով սեփականաշնորհվել են, և այժմ համալսարանի տրամադրության տակ գտնվող 9 սենյակները բարձրահարկ մասնաշենքի տարբեր հարկերում են, ինչն առաջացնում է սպասարկման և արդյունավետ կառավարման լուրջ խնդիրներ:
Համալսարանը կարևորում է ուսումնական գործընթացում օտարերկրյա սովորողներին ներգրավվելու հանգամանքը, որը նպաստելու է համալսարանի միջազգայնացմանն ու կլուծի շատ ֆինանսական խնդիրների հարթմանը: Համալսարանը խոստացել է տարածքի տրամադրման դեպքում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ սկզբնական շրջանում կկազմակերպվեն լեզվի ուսուցման և մասնագիտական կողմնորոշման նախապատրաստական դասընթացներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած սովորողների համար:
Կենտրոնում կարող են կազմակերպվել նաև վերապատրաստման դասընթացներ Իրանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների համար:

Աղբյուրը՝ infocom.am

Facebook Comments