ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱԵԳՄՄ-Ի «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

Օրերս լույս է տեսել Գորիսի պետական համալսարանի գործընկեր կազմակերպության՝ «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման»(ԱԵԳՄՄ) «Գիտական Արցախ» պարբերականի 2019թ.-ի 1-ին համարը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է:
Պարբերականը, որի գլխավոր խմբագիրը ԱԵԳՄՄ-ի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն է, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ՀՀ ԲՈԿ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում:
«Գիտական Արցախ»-ը կարևոր առաքելություն է ստանձնել գիտական դիվանագիտության միջոցով Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու, գիտության մեջ արժանի սերնդափոխություն ապահովելու, որակյալ մասնագետներին հարթակ տրամադրելու և այդպիսով՝ գիտության զարգացմանը նպաստելու բարեշահ գործում:
Առաջին իսկ համարից գիտական-ակադեմիական հանրության ուշադրությանն արժանացած պարբերականը հրապարակվում է տարեկան 2 անգամ: Առաջին համարը լույս է տեսել 2018թ. դեկտեմբերի 13-ին: Շնորհանդեսներ են կազմակերպվել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Երևանի պետական համալարանում:
«Գիտական Արցախ»-ի հոդվածագիրների, ինչպես նաև ընթերցողների շրջանակը բավականին լայն է ու բազմակողմ: Պարբերականում տպագրվում են ոչ միայն հայ, այլև օտարազգի անվանի ու երիտասարդ գիտնականներ:
Խմբագրական խորհրդում նույնպես ընդգրկված են գիտության տարբեր ուղղությունները ներկայացնող ճանաչված գիտնականներ՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
«Գիտական Արցախ»-ի 2019թ. 1-ին համարում տեղ են գտել հասարակական գիտությունների (լրագրություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն, մանկավարժություն, լեզվաբանություն, գրականագիտություն, պատմություն) վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Լեհաստանը, Շվեյցարիան և Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող 50 անվանի ու երիտասարդ գիտնականների  աշխատանքները՝ գիտական ամենատարբեր հիմնախնդիրների բարձրաչափանիշ ու արդիական լուսաբանությամբ: Պարբերականն ունի նաև «Երիտասարդ գիտնականի ամբիոն», որը հարթակ է գիտության ասպարեզում նախաքայլեր անող մագիստրանտների համար:
Համարում տեղ են գտել նաև նոր տպագրված գիտական հիմնորոշ հետազոտությունների, ուսումնական ձեռնարկների վերաբերյալ գրախոսություններ:
«Գիտական Արցախ»-ի սույն համարի արժեքայնության մասին կարելի է դատել գիտական արգասիքի բազմակողմանիությամբ, նպատակային ուղղվածությամբ ու որակով:
Պարբերականն իրավամաբ դարձել է գիտության զարկերակն Արցախում, որ բարձրացնելով գիտահեն մտքի տեսակարար կշիռը՝ մշտապես կարժանանա համընդհանուր ուշադրության ու գնահատության: Այն հրաշալի հարթակ է կայացած գիտնականների և գիտական նախաքայլեր անող երիտասարդների համար՝ ի շահ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գիտական մտքի զարգացման ու հանրայնացման:

Հ.Գ. Ս.թ. հունիսի 26-ին ԳՊՀԱԵԳՄՄ համագործակցության շրջանակներում ԳՊՀում կազմակերպված գրականստեղծագործական միջոցառման կապակցությամբ համալսարան այցելած ԱԵԳՄՄ նախագահ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը ռեկտորատի ընդլայնված նիստում ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանին և համալսարանի գրադարանին նվիրեց պարբերականի՝ օրերս լույս տեսած համարը, որում հրապարակվել են նաև ԳՊՀի երկու աշխատակցի՝ Թ.Մարությանի և Ս.Մանուչարյանի գիտական հոդվածները: ԳՊՀ գիտական քարտուղար, ԱԵԳՄՄ անդամ Թ.Մարությանը նաև պարբերականի սրբագրիչն է ու գլխավոր խմբագրի տեղակալը: Ռեկտոր Ա.Ղուկասյանը ջերմորեն շնորհավորեց Ա.Հարությունյանին՝ «Գիտական Արցախ»-ի 2019թ. 1-ին համարի լույս ընծայման առթիվ՝ համարելով այն ԱԵԳՄՄ-ի փայլուն գիտական նախաձեռնությունը, ինչին էլ մաղթեց բազմարդյուն ու շարունակական ընթացք:

«Գիտական Արցախ»-ի 2019թ. թիվ 1(2) համարը՝ տե՛ս ստորև.
ԱԵԳՄՄ-Գիտական-Արցախ-պարբերական-N-12-2019

Facebook Comments