ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Հուլիսի 1-ին ԳՊՀ-ում  գումարվեց 2020-2021 ուստարվա վերջին գիտական խորհրդի նիստը: Բացելով նիստը` ԳՊՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Ա.Ղուկասյանը հայտարարեց քվեակազմի առկայության մասին և առաջարկեց հաստատել օրակարգը: Առաջին հարցի շրջանակում պրոռեկտոր Թ.Մարությանը տեղեկատվություն ներկայացրեց 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացի մասին: Համալսարանի երկու ֆակուլտետներում այս ուսումնական տարում ամփոփիչ ատեստավորման մասնակցել, ավարտական աշխատանքներ ու մագիստրոսական թեզեր են պաշտպանել բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրով (առկա, հեռակա) սովորող  306 ուսանողներ: Ամփոփիչ ատեստավորման գործընթացը իրականացվել է երկու փուլով. առաջին՝ մարտի 17-27-ը կազմակերպվել է մագիստրոսի կրթական ծրագրով 2,5 տարի ուսումնառությամբ «Իրավագիտություն», «Հատուկ մանկավարժություն», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն» մասնագիտությունների  հեռակա ուսուցման սովորողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, երկրորդ՝ համաձայն ԳՊՀ ռեկտորի ս.թ. ապրիլի 30-ի 139-Ն հրամանի՝ մայիսի 15-ից մինչև հունիսի 15-ը կազմակերպվել և իրականացվել են մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա կրթաձևերի ամփոփիչ ատեստավորումները: Պրոռեկտորը մանրամասն ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման գործընթացի արդյունարար պատկերը՝ ըստ մասնագիտությունների և ուսուցման տարբեր ձևերի: Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորումից հետո առաջադիմությունը կազմել է 78.72%, գերազանցության դիպլոմ կստանա 22 ուսանող, իսկ բնագիտական ու ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետում՝ 12 ուսանող: Ներկայացվեցին ու քննարկվեցին  նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքները պաշտպանությունների կազմակերպվածության և որակական արդյունքների վերաբերյալ: Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում դեկաններ Մ.Առուստամյանը և Ս.Մանուչարյանը տեղեկատվություն ներկայացրին առկա կրթաձևի 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի մասին, ինչպես նաև հեռակա կրթաձևի 2-րդ կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակի մասին:
Երրրոդ հարցի շրջանակում կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Գ.Շաբունցը տեղեկատվություն ներկայացրեց ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի և առաջիկա անելիքների մասին: Հունիսի 25-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից  Գորիսի պետական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը: Մինչև հուլիսի 15-ը ԳՊՀ-ն զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ պետք է ներկայացնի իր համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները «ՀՀ մասնագիտական կրթության փորձաքննության անցկացման ձեռնարկի» 4.4.1 ենթամասի պահանջներին համապատասխան: Փորձագիտական զեկույցը բաղկացած է 100 էջ բուն տեքստից և 14 էջ հավելվածներից: Փորձագիտական խմբի կողմից ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ 100 փաստաթուղթ: Բոլոր 10 չափանիշների վերաբերյալ ՈԱԱԿ-ը նշել է դիտողությունները և առավելությունները՝  տալով 49 խորհրդատվություն բոլոր 10 չափանիշների գծով: Ըստ այդ խորհրդատվությունների՝ բուհը մինչև սեպտեմբերի 3-ը ըստ ՈԱԱԿ-ի ներկայացրած թերությունների շտկման նոր ձևաչափի՝ պետք է ՈԱԱԿ ներկայացնի զեկույցում առկա թերությունների վերացման նախնական ծրագիրը, որի գնահատումից հետո 2021թ. հոկտեմբերին հավատարմագրման հանձնաժողովը կկայացնի որոշում ԳՊՀ-ի վերահավատարմագրման մասին: Մինչև թերությունների շտկման ծրագրի կազմելը ՈԱԱԿ մասնագետները ZOOM հարթակով հանդիպումներ կունենան չափանիշների ղեկավարների հետ՝ խորհրդատվություններ տալու նպատակով: Հարցի շրջանակում քննարկվեցին առաջիկա անելիքները, ռեկտոր Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ինքնավերլուծությունն իրականացրած խմբի ղեկավարներին և մյուս բոլոր շահակիցներին՝ նախանձախնդիր և արդյունավետ աշխատանքի համար, ինչը բուհին հնարավորություն է տվել գործընթացում արձանագրելու դրական արդյունքներ:
Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն և ի կատարումն:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման ու կատարման կարգի նախագծի քննարկմանը:
ԳՊՀ իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը նշեց, որ գիտական խորհրդի կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողովին է ներկայացվել ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման ու կատարման կարգի նախագիծը, որը որոշակի առաջարկություններով ներկայացվել է գիտական խորհրդի քննարկմանը: Կարգով սահմանվում են ապագա մասնագետների ընդհանուր և մասնագիտական կարողությունների ձևավորման գործոնի՝ ինքնուրույն ուսումնական և հետազոտական աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ պահանջներն ու պայմանները։ Նպատակը կրթության բնագավառում արհեստավարժության սկզբունքի իրականացումն է և ուսանողների շրջանում՝ ինքնակրթության պահանջմունքի դաստիարակումը, իմացական ու ստեղծագործական կարողությունների զարգացումը, մասնագիտական կարողությունների ու հմտությունների ձևավորումը, գիտահետազոտական աշխատանք կատարելու պահանջմունքի ձևավորումը:
Հիմք ընդունելով գիտական խորհրդին առընթեր գործող կանոնադրական ու կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ համապատասխան առաջարկություններով, գիտական խորհուրդը հաստատեց ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման ու կատարման կարգը:
Գիտական խորհուրդը քննարկեց նաև տպագրության երաշխավորման հարցեր:
Գիտական խորհրդին առընթեր գործող մրցութային, ուսումնամեթոդական և գիտական հարցերի հանձնաժողովի նախագահ Լ.Վարդանյանը ներկայացրեց երաշխավորման ենթակա երեք աշխատանք՝ ԳՊՀ պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանի «Գրականագիտական ուսումնասիրություններ» հոդվածների ժողովածուն, մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական մասնագիտությունների ամբիոնի ասիստենտ, ֆիզմաթ. գ.թ. Անուշ Դավթյանի «Մաթեմատիկական ֆիզիկայի ընտրովի գլուխներ» ուսումնամեթոդական ձեռնարկը և նույն ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գ.թ. Կամո Մովսիսյանի «Ստուգողական աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ: Մաս 2: Էլեկտրամագնիսականություն» վերնագրով ուսումնամեթոդական աշխատանքը: Լ.Վարդանյանը նշեց, որ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կարծիքները, հանձնաժողովը նաև որոշակի առաջարկներ է ներկայացրել հեղինակներին՝ աշխատանքների բարելավման վերաբերյալ, որոնք կատարվել են, ուստի առաջարկեց դրանք երաշխավորել տպագրության: Հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը և գիտական խորհրդի քննարկման արդյունքները՝ ներկայացված աշխատանքները երաշխավորվեցին տպագրության:
Գիտական խորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարցեր:








Facebook Comments