«ԱՆԳԼԵՐԵՆ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՊՈՐՏՈՒԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2022թ. հունվարի 16-22-ը Էրազմուս+ SMARTI (Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Պորտուի կաթոլիկ համալսարանում տեղի ունեցավ «Անգլերեն հատուկ նպատակներով» վերապատրաստման դասընթացը, որին ԳՊՀ-ից մասնակցեցին ԳՊՀ-ի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, ծրագրի տեղական համակարգող Նաիրա Սաֆարյանը, ԳՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Լիլիթ Աթաբեկյանը և ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Նաիրա Մեժլումյանը, ինչպես նաև ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից:
Դասընթացն անցկացվել է առկա և հեռավար (հիբրիդային) ձևաչափերով՝ ելնելով վերապատրաստումների կարևորությունից և առավել մեծ մասնակցություն ապահովելու նպատակից: Այն իրականացրել են ԵՄ դասընթացավարներ Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը (Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան), Էդուարդո Կարդոսոն, Թիմ Հոգը (Պորտոյի կաթոլիկ համալսարան), պրոֆեսորներ Մորին Ռոյսը, Ռայան Վին-Վիլյամսը, Քեյսի Բոմոնտը (Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարան) և Եվա Ցիմելեն, Մարիա Պլատոնովան, Տատյանա Սմիրնովան  (Ռիգայի տեխնիկական համալսարան):
Վերապատրաստումները ներառում էին տեսական և գործնական փուլեր: Աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Դասընթացի առաջին օրը մեկնարկեց հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչ Էդուարդո Կարդոսոյի ողջույնի խոսքով: Նա ներկայացրեց իրենց համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը և ընդհանուր տեղեկատվություն համալսարանի մասին:
Աշխատանքային առաջին փաթեթի արդյունքներն ամփոփ ներկայացրեց Դրեզդենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Սվեն Ռիդդելը, որը նաև մասնակիցներին ընդհանուր գիտելիքներ հաղորդեց հաջողված սահիկաշար ներկայացնելու հմտությունների և գործիքների մասին:
Դասընթացի յուրաքանչյուր օր մասնակիցներին հանձնարարվում էր գործնական աշխատանքներ: Առաջին օրվա առաջադրանքի համար յուրաքանչյուր գործընկեր համալսարան պետք է պատրաստեր երկու սահիկից բաղկացած ցուցադրություն «Ազգային իրազեկման օր 2022»-ի տեսլականի վերաբերյալ:
Դասընթացի երկրորդ օրվա առաջին մասը նվիրված էր գրավոր գրագետ խոսքին առնչվող թեմաներին: Դասընթացավար Սվեն Ռիդդելը մասնակիցներին իրազեկեց մոտիվացիոն նամակներ, հաշվետվություններ և արձանագրություններ գրելու ու ներկայացնելու հմտությունների մասին: Օրվա երկրորդ մասում Ռիգայի տեխնիկական համալսարանի դասախոս Մարիա Պլատոնովան ներկայացրեց ուսանողակենտրոն ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ ցուցադրություն, ինչպես նաև իրենց համալսարանում «Անգլերենը որպես դասավանդման միջոց» մեթոդաբանությամբ իրականցվող մի շարք կրթական ծրագրեր: Այնուհետև նույն համալսարանի դասախոս Տատյանա Սմիրնովան խոսեց Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) կարևորության մասին` ընդգծելով, որ այն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում սովորողի ակադեմիական շարժունության ընդլայնման և որակավորումների ճանաչման գրավականն է: Ներկայացմանը հաջորդեցին ինտերակտիվ քննարկումներ տարբեր երկրներում իրականացվող կրեդիտային ուսուցման համակարգերի, Բլումի դասաբանության կիրառման,   MOOC  (Առցանց բաց հասանելիության դասընթացների) և գնահատման համակարգերի վերաբերյալ:
Դասընթացի երրորդ օրը ՌՏՀ-ի դասախոսները հաղորդեցին իրենց համալսարանի միջազգային բաժնի, կարիերայի և հետազոտական կենտրոնների, անգլերեն լեզվով իրականացվող դասընթացների ու կրթական ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, որին հաջորդեցին ինտերակտիվ քննարկումներ՝ զուգահեռներ անցկացնելով տարբեր երկրների համալսարանների համապատասխան բաժինների միջև:
Դասընթացի չորրորդ օրվա դասընթացավարներն էին Մորին Ռոյսը, Ռայան Վին-Վիլյամսը և Քեյսի Բոմոնտը: Նրանք անդրադարձան ակադեմիական առաջադիմության, պրոֆեսորադասախոսական կազմի շարունակական վերապատրաստման, կրթական ծրագրի կառուցվածքի ու բովանդակության, արդյունավետ ուսումնական պլանի նախագծման խնդիրներին և դրանց լուծմանը: Դոկտոր Ռայան Վին-Վիլյամսը «Ակադեմիական անգլերեն» դասընթացի մոդուլի օրինակով ներկայացրեց կրթական ծրագրի ստեղծման, կրթական վերջնարդյունքների սահմանման և ուսանողակենտրոն ուսուցման անցման հիմնական խնդիրները և գործոնները: Դասընթացի մասնակիցներին հանձնարարվեց  գրել չորս կրթական արդյունք վերը նշված մոդուլի համար՝ օգտագործելով Padlet առցանց  հարթակը:
Հինգերորդ օրը դասընթացավարները ամփոփեցին դասընթացի արդյունքները, նշեցին իրենց դիտողություններն ու գնահատականները։ Գործընկեր համալսարանների օրինակելի փորձի ներդրումով պայմանավորված՝ հայաստանյան և ռուսաստանյան գործընկեր համալսարաններից յուրաքանչյուրում առաջիկա ամիսներին կիրականացվեն նմանօրինակ վերապատրաստումներ՝ օգտագործելով դասընթացավարների տրամադրած նյութերն ու սահիկաշարերը:






Facebook Comments