ԱԵԳՄՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2021թ. սեպտեմբերի 10-12-ը Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման ու «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային 5-րդ հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին:
Գիտաժողովն անցկացվեց առկա և հեռավար ձևաչափերով, որին մասնակցեցին հինգ տասնյակ գիտնականներ ու հետազոտողներ աշխարհի 10 երկրներից ( ՀՀ, ԱՀ, Ռուսաստանի Դաշնություն, Լեհաստան, Գերմանիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Ղազախստան, Բելառուս):
Միջազգային ասպարեզում ակադեմիական բարձր վարկանիշ ունեցող գիտաժողովը հայ և օտարերկրացի անվանի գիտնականների, հետազոտողների մասնակցությամբ արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում Արցախում և հանդիսանում է ԱԵԳՄՄ-ի գլխավոր միջոցառումը: Միավորման գլխավոր առաքելությունը՝ գիտական դիվանագիտության զարգացման միջոցով Արցախն աշխարհում ճանաչելի դարձնելը, Արցախում գիտահեն միտքը խթանելը, գիտության մեջ արժանի սերնդափոխություն ապահովելը և, այդպիսով, գիտության զարգացմանն ու հանրայնացմանը նպաստելը, լիովին համապատասխանում է միջազգային գիտաժողովի կազմակերպման գաղափարին, թեմատիկ ուղղվածությանը, գիտագործնական առաքելությանը: Հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո աշխարհագրական նման ընդգրկմամբ ու թեմատիկ նման ուղղվածությամբ գիտաժողովի կազմակերպումը խիստ օրապահանջ էր:
Գիտաժողովը մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցչի  օրհնանքի խոսքով և Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Բացման խոսքով հանդես եկան «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ Ավետիք Հարությունյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Հասմիկ Մինասյանը, ուղերձներ և բարեմաղթանքներ ներկայացրեցին արտերկրից և Հայաստանի Հանրապետությունից ժամանած գիտաժողովի մասնակիցները:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին նաև Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչները՝ պրոռեկտոր Թ.Մարությանի գլխավորությամբ, ով ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ.գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի ուղերձը՝ շնորհակալություն հայտնելով ԳՊՀ-ի գործընկեր կազմակերպության՝ ԱԵԳՄՄ-ի ղեկավարությանը այս դժվարին իրապայմաններում Արցախի ու Հայաստանի գիտական ներուժի մեկտեղման և արդի հիմնախնդիրների քննարկման համար օրապահանջ հարթակ ստեղծելու համար: «Մասնակիցների որակյալ կազմը, զեկուցումների թեմատիկ շրջանակը հրաշալի նախադրյալներ են ստեղծում` մեկտեղելու հայոց պետականության հիմնախնդիրներով զբաղվող գիտնականներին, լսելի ու քննարկելի դարձնելու գիտության մեջ նախաքայլեր անող երիտասարդների նորահայաց տեսակետները, ստեղծելու բարենպաստ մթնոլորտ` գաղափարների փոխանակման, գիտական երկխոսության ծավալման, արտասահմանյան գիտական հաստատությունների ու գիտնականների հետ համագործակցության ձևավորման համար: Նաև այսպիսի միջոցառումների կազմակերպմամբ Արցախն աստիճանաբար կդառնա արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն»,- նշված էր ռեկտորի ուղերձում:
Մեծապես կարևորելով ԱԵԳՄՄ-ի, «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի և Գորիսի պետական համալսարանի միջև ձևավորված երկամյա արդյունավետ համագործակցությունը՝ Թ.Մարությանը հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական և էլ ավելի կամրապնդի Սյունիք-Արցախ գիտակրթական կապերը:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին «Քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և արևելագիտության», «Իրավագիտության», «Տնտեսագիտության», «Պատմության և գրականագիտության» բաժանմունքներում:
Գիտաժողովի Պատմության և գրականագիտության բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին ԳՊՀ պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ  Թեհմինա Մարությանը՝ «Շուշիի՝ 20-րդ դարասկզբի կրթական-մշակութային կյանքի լուսաբանումը «Ղարաբաղ»(1911-1912) շաբաթաթերթում» թեմայով, իսկ հեռավար մասնակցությամբ՝ ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Լիլիթ Թունյանը՝ «Արցախյան շարժման գաղափարախոսությունը Սպարտակ Բակունցի պոեզիայում» թեմայով:
Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմների զոհերի շիրիմներին:
Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: ԱԵԳՄՄ-ի որոշմամբ արտերկրից ժամանած, հայապահպանության գործում մեծ ավանդ ունեցող, Արցախյան հիմնախնդրով զբաղվող մի քանի անվանի գիտնականների շնորհվեցին «Արցախի գիտության դեսպան» մեդալներ, պատվոգրեր, իսկ ԱԵԳՄՄ-ի գործընկեր կազմակերպություններին, ԱԵԳՄՄ անդամներին և մեդիա ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ շնորհակալագրեր:
ԱԵԳՄՄ նախագահ Ավետիք Հարությունյանը շնորհակալագիր հանձնեց նաև Գորիսի պետական համալսարանին՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված միջազգային հինգ գիտաժողովների կազմակերպմանը ներգրավվելու և գիտակրթական բնագավառում արդյունավետ համագործակցության համար: Շնորհակալագրով պարգևատրվեց նաև ԱԵԳՄՄ անդամ, ԳՊՀ պրոռեկտոր Թ.Մարությանը:
Գորիսի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Արտուշ Ղուկասյանի, շնորհակալություն է հայտնում ԱԵԳՄՄ-ի ղեկավարությանը՝ ի դեմս Ա.Հարությունյանի, բարձր գնահատանքի և Արցախ-Սյունիք գիտակրթական կապերը նորովի ամրապնդելու համար:













Facebook Comments