DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ ԳՊՀ-ՈՒՄ
Այսօր Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ազգային իրազեկման օր» միջոցառումը, որի նպատակն էր համալսարանի արտաքին շահակիցներին ներկայացնել ԳՊՀ-ի մասնակցությամբ իրականացվող Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի նպատակներն ու խնդիրները, իրականացման ընթացքը, ստացված արդյունքները և դրանց ազդեցությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ ընդգծելով, որ համալսարանի միջազգայնացման ռազմավարության առանցքային ուղղություններից են Erasmus+ ծրագրերը։ Նրա խոսքով՝ այս ծրագրերը բացառիկ հնարավորություն են ընձեռել զարգացնելու ոչ միայն դասախոսական և վարչական անձնակազմի մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև բարելավելու համալսարանի ենթակառույցները, խթանելու ուսանողների ու դասախոսների միջազգային շարժունությունը, ինչպես նաև ընդլայնելու փորձի փոխանակման հնարավորությունները։ Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ հավաստիացնելով, որ համալսարանի շարունակական զարգացումը, հաջող գործունեությունը հնարավոր է միայն նրանց ակտիվ համագործակցության շնորհիվ:
Ողջունելով հյուրերին՝ Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում համալսարանի արտաքին շահակիցներին ներկայացնելու միջազգայնացման ռազմավարության գործիքները, իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, գրանցած հաջողությունները:
Այնուհետև Ն. Սաֆարյանը Էրազմուս+ DeSIRe ծրագրի մասին ամփոփ տեղեկություններ ներկայացրեց՝ անդրադառնալով ծրագրի նպատակներին, խնդիրներին, գործընկեր համալսարաններին, ստացված արդյունքներին և դրանց ազդեցությանը:
Միջոցառման շրջանակում «Հուզական և սոցիալական ինտելեկտ», «Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ» թեմաներով դասընթացներ վարեցին ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Նազելի Հախվերդյանը և ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գ. թ. Սյուզաննա Պետրոսյանը:
Դասընթացներն անցան ջերմ մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով ներկաներին հարցեր ուղղելու, մասնակցելու հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներին։
















