ԳՊՀ – ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Գորիսի պետական համալսարանը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ ոգևորությամբ ընդունեց համալսարանականներին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ համալսարանականներին շնորհավորական խոսք հղեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը. «Սիրելի գործընկերներ, ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեզ արժևորելու գիտելիքի և կրթության կարևորությունը բոլոր ոլորտներում: Ուր էլ լինենք, ինչ պարտականություններ էլ կատարենք, գիտությունն ու կրթությունն են մեզ ուղենշում դեպի լուսավոր ապագա»: Նա շնորհակալություն հայտնեց առաջին կուրսեցիներին Գորիսի պետական համալսարանն ընտրելու  համար՝ հավաստիացնելով, որ կրթօջախում կան բոլոր նախադրյալները՝ աշխատաշուկայում բարձրորակ, զարգացած և մրցունակ մասնագետ դառնալու համար:

Ողջույնի խոսք ասացին նաև ԳՊՀ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լ. Աթաբեկյանը, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լ. Ներսիսյանը՝ ուսանողներին մաղթելով նորն ընդունելու պատրաստակամություն, հաստատակամություն, ստացած գիտելիքների և հմտությունների արժևորում, արգասաբեր և արդյունավետ գործունեություն, հաջողություններով և բացահայտումներով լի ուսումնական տարի:

Առաջին կուրսեցիներին ողջույնի խոսք հղեց ԳՊՀ ուսխորհրդի նախագահ Մոնիկա Զիլֆուղարյանը՝ պատրաստակամություն հայտնելով ուսանողներին աջակցելու, ուսխորհրդի շարքերն համալրելու գործում:

Առաջին կուրսեցիների անունից շնորհավորանքի խոսք ասաց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Լազարյանը:

Միջոցառման ավարտին ԳՊՀ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին ֆակուլտետներ՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, դասացուցակներին։

Facebook Comments