ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 11-ին ԳՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Օտար լեզուների ամբիոնի և Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Այսօրվա երիտասարդությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին համալսարանի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ, կենտրոնի տնօրեն Կարմեն Ափունցը, կենտրոնի կամավոր Պոլ Գոցիենը։ Ողջունելով ներկաներին՝ Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում համալսարանում ամեն տարի անցկացվում են տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ուղղված ֆրանսախոսության տարածմանն ու խրախուսմանը։ Այս տարի, համագործակցելով Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի հետ, կազմակերպեցին քննարկում, որի նպատակը ուսանողների՝ ժամանակակից երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ տեսակետների և մոտեցումների բացահայտումն էր՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով համեմատություններ անցկացնել նաև ֆրանսիացի երիտասարդների ընկալումների հետ։ Քննարկումն ընթանում էր ֆրանսերենով։ Մոդերատորը կենտրոնի կամավոր Պոլ Գոցիենն էր: Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր համալսարանի ֆրանկոֆոն ուսանողների՝ լեզվակրի հետ անմիջական շփման հնարավորությունը, որը նպաստեց թե՛ լեզվական, թե՛ մշակութային հաղորդակցության զարգացմանը: Քննարկման ընթացքում ուսանողները մտորեցին ժամանակակից երիտասարդությանը վերաբերող ամենաարդիական հարցերի շուրջ՝ անդրադառնալով սոցիալական ցանցերի դրական ու բացասական ազդեցություններին, այլընտրանքային կրթական ծրագրերին, «երիտասարդություն» հասկացության վերաիմաստավորմանը և սերունդների մտածողության տարբերություններին։
Քննարկման ավարտին ներկաները դիտեցին «Հնարավո՞ր է մեծանալ՝ առանց դավաճանելու ինքդ քեզ» (Peut-on grandir sans se trahir?) փաստավավերագրական ֆիլմը, որը դարձավ քննարկման տրամաբանական շարունակությունը՝ ամբողջացնելով բարձրացված հարցերն ու արժևորելով ինքնության պահպանման, արժեքներին հավատարիմ մնալու կարևորությունը կյանքի ճանապարհին։ Այն հնարավորություն տվեց նոր դիտանկյուններից վեր հանել ժամանակակից երիտասարդության առջև ծառացած հոգեբանական ու սոցիալական խնդիրներն ու մարտահրավերները։