ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ՝ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ներքին աուդիտի շրջանակում փորձագիտական խմբերի անդամները հանդիպեցին կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագիրը, կիրառվող մեթոդները, վեր հանել ծրագրի առավելությունները, թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել նպատակների հետ՝ հիմնվելով պատասխանատուների, ուսանողների և շրջանավարտների դիտարկումների ու կարծիքների վրա։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Մկրտչյանը, իսկ խմբի կազմում ընդգրկված են Գորիսի թիվ 4 ավագ և թիվ 5 հիմնական դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Ասլանյանը, ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Թամարա Անդրեասյանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Կատին Դավթյանը:
Հանդիպումները, որոնք անցկացվեցին հարցուպատասխանի ձևաչափով, վարեցին ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը և նույն բաժնի մասնագետ Արմինե Ջանունցը։