ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ՝ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ներքին աուդիտի շրջանակում փորձագիտական խմբի անդամները հանդիպեցին կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ:
Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագիրը, կիրառվող մեթոդները, վեր հանել ծրագրի առավելությունները, թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել նպատակների հետ՝ հիմնվելով պատասխանատուների, ուսանողների և շրջանավարտների դիտարկումների ու կարծիքների վրա։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցիչ Աշոտ Մաշուրյանը, իսկ խմբի կազմում ընդգրկված են ԳՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի կ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Շալունցը, «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը։
Հանդիպումները, որոնք անցկացվեցին հարցուպատասխանի ձևաչափով, վարեց ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը։