ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ՝ «ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ներքին աուդիտի շրջանակում փորձագիտական խմբի անդամները առդեմ և առցանց ձևաչափով հանդիպեցին կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագիրը, կիրառվող մեթոդները, վեր հանել ծրագրի առավելությունները, թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել նպատակների հետ՝ հիմնվելով պատասխանատուների, ուսանողների և շրջանավարտների դիտարկումների ու կարծիքների վրա։
Նշենք, որ փորձագիտական խմբում ընդգրկված են բուհի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շահակիցներ։ Փորձագիտական խմբի ղեկավարն է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, իսկ խմբի կազմում ընդգրկված են նույն դպրոցի «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը, ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ, դասախոս Նաիրա Սաֆարյանը, «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասատրյանը։
Հանդիպումները, որոնք անցկացվեցին հարցուպատասխանի ձևաչափով, վարեց ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը։