ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ
Այսօր Գորիսի պետական համալսարանում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (Young European Ambassadors – YEAs) նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված ԵՄ ֆինանսավորմամբ կրթական հնարավորություններին և ԵՄ–Հայաստան համագործակցությանը։
Հյուրերին ողջունեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ ընդգծելով, որ Գորիսի պետական համալսարանը մեծապես կարևորում է միջազգային համագործակցությունը, իսկ նման հանդիպումները լավ հնարավորություն են գաղափարների փոխանակման, նոր ծրագրերի մտահղացման և ապագայի համատեղ տեսլականի ձևավորման համար: Նա ընդգծեց նաև, որ համալսարանի համար առաջնային է, որ ուսանողները ակտիվորեն ներգրավվեն այնպիսի ծրագրերում և նախաձեռնություններում, որոնք ստեղծում են իրական հնարավորություններ նրանց մասնագիտական և անձնական աճի ու զարգացման համար։
Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ նման ձևաչափի հանդիպումները կարևոր հարթակ են ուսանողների համար՝ ծանոթանալու միջազգային հնարավորություններին, ընդլայնելու իրենց պատկերացումները և ակտիվորեն ներգրավվելու երիտասարդական ու կրթական ծրագրերում։
Հանդիպմանը մասնակցեցին տեղացի և միջազգային երիտասարդներ, այդ թվում՝ ԵՄ անդամ պետություններից YEAs նախաձեռնության ներկայացուցիչներ, որոնք ներկայացրին ԵՄ պատմությունը, իրենց փորձառությունը, դիտարկումները և ԵՄ ծրագրերում ներգրավվածությունը, անդրադարձան ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերին:
Հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխանով:













