ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երիտասարդական բնապահպանական առաջնորդության» ծրագրի տեղեկատվական հանդիպումը ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Վարդուհի Մեսրոպյանը խոսեց կազմակերպության գործունեության մասին, ներկայացրեց «Երիտասարդական բնապահպանական առաջնորդության» ծրագրի նպատակները, խնդիրները, իրականացվող գործողությունները, ակնկալվող արդյունքները: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվելիք դասընթացները օգնելու են երիտասարդներին ձեռք բերել բնապահպանական խնդիրների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, առաջնորդության և ծրագրերի կառավարման հմտություններ: Կարևորելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը ծրագրում՝ նա ընդգծեց, որ ծրագրի միջոցով մասնակիցները կկարողանան ոչ միայն ստանալ տեսական գիտելիքներ, այլև կիրառել դրանք իրական կյանքում՝ մշակելով և իրականացնելով համայնքային բնապահպանական նախաձեռնություններ։
Ծրագիրն իրականացվելու է Գորիս և Տեղ համայնքներում և նախատեսված է 13-35 տարեկան երիտասարդների համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/J7CSqN1bFadCSyxCA :
_______________________________________________
Ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։