ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ՝ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Ս. թ. ապրիլի 20-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի տարածաշրջանային իրազեկման միջոցառումը, որը համախմբեց ծրագրի հայկական, վրացական և եվրոպական գործընկեր բուհերի, կազմակերպությունների, գործատու հաստատությունների, համայնքապետարանի, կրթական հաստատությունների, ՀԿ-ների և գործատու այլ հաստատությունների ներկայացուցիչներին։ Միջոցառումն անցկացվել է առկա և առցանց ձևաչափով:
Միջոցառումը վարեցին Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողներ Գարիկ Դալլաքյանն ու Մարիամ Ղուկասյանը։
Մասնակիցներին ողջունեցին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Մարիաննա Սարգսյանը (առցանց), Էրազմուս+ DeSIRe ծրագրի համակարգող Լուսիկ Վարդանյանը։
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Տ. Վանդունցը նշեց, որ վերջին տարիներին համալսարանը ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության ծրագրերում, հատկապես՝ Էրազմուս+ նախաձեռնություններում, որոնք նպաստում են բուհական կրթության որակի բարձրացմանը և աշխատաշուկայի արդի պահանջներին առավել համապատասխան դարձնելուն՝ ընդգծելով, որ այս համատեքստում DeSIRe ծրագիրն ունի առանձնահատուկ կարևորություն։
Ռեկտորը կարևորեց փափուկ հմտությունների դերը ժամանակակից կրթական համակարգում՝ նշելով, որ այսօր մասնագիտական գիտելիքներին զուգահեռ առավել պահանջված են հաղորդակցման, թիմային աշխատանքի, քննադատական մտածողության, խնդիրների լուծման և առաջնորդության կարողությունները։ Նրա խոսքով՝ հենց այս հմտություններն են օգնում շրջանավարտներին հաջողությամբ մուտք գործել աշխատաշուկա և դառնալ մրցունակ մասնագետներ։
Ամփոփելով ռեկտորը շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին և միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքը կնպաստի փափուկ հմտությունների զարգացմանը և կրթության որակի բարձրացմանը։
Հաջորդիվ գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին ծրագրի աշխատանքային փաթեթների արդյունքների, մեթոդական մոտեցումների և հետագա զարգացման հնարավորությունների մասին:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ «Արդյո՞ք համալսարանները ուսանողներին ապահովում են գործատուների պահանջած փափուկ հմտություններով» վերնագրով, որը վարեց ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան բարձրագույն կրթության և աշխատաշուկայի փոխկապակցվածությանը, գործատուների կողմից առավել պահանջված հմտություններին և կրթական ծրագրերում դրանց արդյունավետ ինտեգրման հնարավորություններին։
Օրվա ավարտին մասնակիցներն ամփոփեցին հիմնական դիտարկումները և արձանագրեցին նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը:

























